211652_close_icon

Ավտովթար Արագածոտնի մարզում․ «Nissan»-ը մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձյունապատ ձորակում․ բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել 2 հոգու․ օպերատիվ են գործել Թալինի հրշեջ-փրկարարները, պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count48772 դիտում article-date 21:46 08-01-2026
Այսօր՝ հունվարի 8-ին, մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Արտյոմ Մ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան–Գյումրի ավտոճանապարհի Թալինի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերի ձյունապատ հատվածներին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ ձորի մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել վարորդին և ուղևորին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, և մոտ մեկ ժամ տևած աշխատանքի արդյունքում ավտոմեքենան ձորից դուրս են բերել երթևեկելի գոտի։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արմեն Ստեփանյանի, դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Գաբրեիլ Գաբրիելյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Սերոբյանը։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր