211652_close_icon

Հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ, ավետարանի քարոզչությամբ առաջնորդելու դեպի խաղաղ հանգրվաններ. Վեհափառ Հայրապետ

views-count817 դիտում article-date 10:49 26-12-2025
Դեկտեմբերի 25-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Ծատուրյանի, Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Գևորգյան հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի։

 Տերունական աղոթքից հետո սարկավագները Հայոց Հովվապետին ողջունեցին «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ։ Նորընծա սարկավագների անունից Բարեշնորհ Վռամ սարկավագ Հարությունյանը երախտիքի խոսք ուղղեց Նորին Սրբությանը հայրական սիրո ու հոգածության համար՝ խոստանալով իբրև ապագա հոգևոր սպասավորներ արդարացնելու Հայոց Հայրապետի հույսերը։

Այնուհետև Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Նորին Սրբությանը ներկայացրեց նորընծա սարկավագներին՝ հայցելով Հայոց Հայրապետի օրհնությունը։

Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով և իր հայրական օրհնությունը փոխանցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող և նորընծա սարկավագներին օրվա խորհրդի առիթով, անդրադարձավ քրիստոնեական Եկեղեցու առաջին նահատակի՝ Սուրբ Ստեփանոսի անձին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հոգևորական պետք է առաջնորդվի նախասարկավագի նվիրումի ու հանձնառության ոգով։

Հայոց Հովվապետը նկատեց, որ բոլոր ժամանակներում Եկեղեցին հանդիպել է տարբեր մարտահրավերների, որոնք հաղթահարվել են նվիրյալ եկեղեցականաց հանձնառու և անսակարկ ծառայութան շնորհիվ։ Այսօր էլ, ժամանակի նոր մարտահրավերներին ընդառաջ, հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ, ավետարանի քարոզչությամբ առաջնորդելու դեպի խաղաղ հանգրվաններ։

Ամենայն  Հայոց Հայրապետը սարկավագաց դասին պատգամեց, որ Սուրբ Ստեփանոսի հավատքը, աստվածասիրությունն ու արիական ոգին օրինակ ունենալով՝ իրենց ծառայությունը բերեն Քրիստոսի Եկեղեցուն և հայրենիքին:

Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև սարկավագաց դասի հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու առաքելությանը և նրա առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։  

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
 

Նմանատիպ նյութեր