211652_close_icon

2025-ի նոյեմբերին Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի պատմական նոր ռեկորդ. Փաշինյան

views-count1270 դիտում article-date 16:17 25-12-2025
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբերին կազմել է 8,3 տոկոս։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ ներկայիս գնահատականներով՝ տնտեսական աճը տարվա արդյունքներով առնվազն 6 տոկոս կկազմի, իսկ որոշ գործընկերներ չեն բացառում, որ աճը կարող է ավելի բարձր լինել։

Վարչապետն անդրադարձել է նաև աշխատատեղերին և նշել, որ 2025 թվականի նոյեմբերին Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի պատմական նոր ռեկորդ։ 2025 թվականի նոյեմբերին երկրում հաշվվել է 814 հազար 818 գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղ, որը 2017 թվականի նոյեմբերի համեմատ ավելի է 275 հազար 465-ով կամ շուրջ 50 տոկոսով։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխատատեղերի թիվն աճել է նաև 2024 թվականի նոյեմբերի համեմատ՝ 31 հազար 986-ով կամ 4 տոկոսով։ Վարչապետն անդրադարձել է նաև միջին աշխատավարձի ցուցանիշներին․ 2025 թվականին միջին աշխատավարձը կազմել է 327 հազար 155 դրամ, որը 2017 թվականի նոյեմբերի համեմատ ավելի է 158 հազար 421 դրամով կամ 93 տոկոսով։

Ըստ վարչապետի՝ աշխատավարձերն աճել են նաև 2024 թվականի նոյեմբերի համեմատ 16 հազար դրամով կամ 5,1 տոկոսով։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարեկան գնաճը, ըստ Վիճակագրական կոմիտեի, կազմել է 3,3 տոկոս։ Նշվել է նաև, որ եկամտային հարկի դրույքաչափը նվազել է, ինչը ևս նպաստել է քաղաքացիների իրական եկամուտների աճին։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ 2018 թվականի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է շուրջ 50 տոկոսով․ «Խոսքն իրական տնտեսական աճի մասին է։ Այս տարվա աճի ցուցանիշները նույնպես շատ կարևոր են։ Մենք, ըստ էության, վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կատարում ենք։ Սա նույնպես կարևոր արդյունք է»։

Այդ համատեքստում երկրի ղեկավարը կրկին շնորհակալություն է հայտնել Հայաստանում աշխատող արդյունք ստեղծող օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիներին, ինչպես նաև Կառավարության բոլոր անդամներին, օրենսդիր իշխանության գործընկերներին՝ իրենց կատարված աշխատանքի համար։

«Այս թվերը այսբերգի երևացող կողմն են, իսկ այս թվերից ներքև աշխատանք է կատարվում, որը պետք է արժանանա գնահատանքի։ Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ 2017 թվականի պետական բյուջեի եկամտային մասի համեմատ, 2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասը 130%-ով ավելացել է։ Այսինքն՝ մենք 2025 թվականին կատարել ենք 2017 թվականի բյուջեն, պլյուս մի հատ էլ այդ նույն ամբողջ տարվա պետական բյուջեից, մի հատ էլ պլյուս դրա 30%։ Սա աշխատանք է, որը կատարվել է գետնի վրա, ընդ որում՝ այն միջավայրում և այն պայմաններում, ինչի միջով մենք անցել ենք։ Բայց դա էլ է պետք ի վերջո գնահատել, որովհետև այդ ամեն ինչի միջով անցել ենք և հասել ենք մի տեղ, որը պետք է գնահատվի՝ որպես լավ և հեռանկարային։ Կարծում եմ՝ մենք, իսկապես, մեր պետության հարատևության օրակարգը, որը 2018 թվականին որդեգրել ենք, հիմա արդեն ոչ միայն երազանք է կամ տեսլական, այլ գործնական իրականություն է, որով մենք ամեն օր զբաղվում ենք և պետք է շարունակենք զբաղվել»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է նաև՝ 50% փոխված տնտեսությունը, ըստ էության, նշանակում է ամբողջովին և բոլորովին նոր տնտեսություն։ Իսկ բոլորովին նոր տնտեսությանը, ըստ վարչապետի, պետք է բոլորովին նոր մոտեցում։ Վարչապետի դիտարկմամբ՝ սա նշանակում է, որ պետական կառավարման համակարգն էականորեն լավ է աշխատել։ «Հետևաբար շատ կարևոր է, որ մենք կայացրել ենք որոշում, որով պետական կառավարման համակարգի համակարգում աշխատավարձների և վարձատրությունների համակարգի բարեփոխումների մի շատ կարևոր պիլոտային ծրագիր ենք սկսել։ Ծրագիրը, լավարկումների արդյունքում, կդարձնենք ինստիտուցիոնալ համակարգ, որին կհաջորդի քաղաքացիական ծառայության համակարգի ամբողջական և մանրամասն բարեփոխումը։ Հաջորդիվ մենք պետք է, իհարկե, պետական գնումների համակարգին անդրադառնանք։ Ես պատասխանատու և վստահ ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը հիմա գտնվում է այն բարձրության վրա, որ երկրորդ շարժիչը միանալու ժամանակն է։ Սա նշանակում է, որ պետական կառավարման համակարգը թե՛ աշխատանքի գրավչության, թե՛ աշխատանքի որակի, թե՛ մասնագիտական և պրոֆեսիոնալ հատկանիշների շարունակական զարգացման առումով պետք է լիարժեք համապատասխանի այս տրամաբանությանը։ Իսկապես այս կետը, տրամաբանությունը հասունացել է։ Հարգելի գործընկերներ, կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել 2025 թվականի ընթացքում կատարած ձեր աշխատանքի համար, հաջողություններ մաղթել, շնորհավորել գալիք տոների առիթով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր