211652_close_icon

Հայ ժողովրդի գլխավոր և ամենաբարձր արժեք ունեցող բրենդը Հայաստանի Հանրապետությունն է. Մհեր Ավետիսյան

views-count2752 դիտում article-date 16:22 21-12-2025
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայ ժողովրդի գլխավոր և ամենաբարձր արժեք ունեցող բրենդը Հայաստանի Հանրապետությունն է 

Հայ ժողովուրդը աշխարհի ամենահին ժողովուրդներից է։

Անհիշելի ժամանակներից անցնելով անմարդկային տառապանքների, հալածանքների ու ողբերգությունների միջով՝ մեր ժողովուրդը, այնուամենայնիվ, ունեցել է կամք և վճռականություն հասնելու մեր օրերին։ Եվ սա մեկ բան է նշանակում․ հայ ժողովուրդը պարտավոր է հարատևել։

Հայ ժողովուրդը ոչ միայն ներկա է, այլև կապող օղակ է համայն մարդկության, մարդկության անցյալի և մարդկության, կարելի է ասել, սկզբի միջև։ Սա մեր պատմական առաքելությունն է, մեր պատասխանատվությունը և մեր ուժը։

Սա կարող է և պետք է լինի մեր ժողովրդի հարատևման բանաձևը, մեր ժողովրդի ապրելու բանաձևը։

Մենք ամենահիներից ենք։ Մենք հասել ենք մեր օրեր։ Եվ հետևաբար՝ մենք պետք է հարատևենք։

Բայց հարատևումը ինքնանպատակ չէ։ Հարատևելու համար անհրաժեշտ է ունենալ հզոր պետություն, կազմակերպված պետություն, արդար պետություն և անվտանգ պետություն։

Այսինքն՝ մեր ժողովրդի բանաձևը կյանքի կոչելու համար ամենակարևոր, գլխավոր և, կարելի է ասել, միակ գործոնը պետություն ունենալն է՝ ուժեղ, պատասխանատու և արժանապատիվ պետություն։

Ես ցանկանում եմ, որ մենք մեր ապագա սերունդներին դաստիարակենք այս բանաձևով։

Եվ որ մենք ինքներս էլ ապրենք այս բանաձևով։

Քանզի սա մեր ժողովրդին հարատևության տանող արդար, իրական հիմքեր ունեցող բանաձև է»։
 

Նմանատիպ նյութեր