211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Կովկաս» պանդոկի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ֆուտբոլի 3 երկրպագուներ, որոնք Լեհաստանի քաղաքացիներ են

views-count31519 դիտում article-date 12:21 12-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոտիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: 

Տեղում բժիշկները ոստիկաններին և պարեկներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են հետազոտման փուլում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: 
 
Մինչ բժիշկները անհրաժեշտ հետազոտություն ու բուժզննում էին իրականացնում, Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ տուժածները հիվանդանոց են տեղափոխվել Երևանում գործող «Կովկաս» պանդոկից: 
 
Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Լեհաստանի Հանրապետության քաղաքացիներ 36-ամյա Լուկաս Կ.-ն է, 44-ամյա Լուկաս Բ.-ն և 44-ամյա Մաչի Ա.-ն, ովքեր ծեծի են ենթարկվել: 

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրանական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածները ժամանել էին Հայաստան՝ որպես ֆուտբոլի երկրպագուներ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր