211652_close_icon

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

views-count934 դիտում article-date 19:24 02-12-2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Հանդիպման առանցքային հարցը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքից բխող միջոցառումների իրականացումն էր:

Նախարար Ժաննա Անդրեասյանի նշմամբ՝ օրենքի ընդունմանը հաջորդել է ենթաօրենսդրական ակտերի մշակումը, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են, և որոշ իրավական ակտերի նախագծեր արդեն իսկ ներկայացված են հանրային քննարկման: Նախարարը հորդորել է ռեկտորներին հանդես գալ դրանց վերաբերյալ առաջարկներով ու դիտարկումներով՝ նպաստելով ընդունվող կարգավորումների լավարկմանը: Անդրադարձ է եղել նաև աստիճանաշնորհման նոր համակարգի ներդրմանը, որի նախագիծը ևս հանրային քննարկման փուլում է գտնվում՝ առաջարկելով միջազգային չափանիշներին համադրելի կարգավորում:

Հանդիպմանը քննարկում է ծավալվել նաև ընդունելության համակարգի վերաբերյալ՝ ըստ նոր օրենքի տրամաբանության: Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախատեսվող արտաքին գնահատման համակարգը, բուհերին վերապահված պահանջները, ավագ դպրոցներում կանխատեսվող լրացուցիչ փոփոխությունները և այլն:

Անդրադարձ է եղել նաև բուհական ծրագրերի հավատարմագրմանը. այս համատեքստում կարևորվել է, որ հավատարմագրող կազմակերպությունը միջազգայնորեն ճանաչելի լինի որակի հավաստման տեսանկյունից և համապատասխանի սահմանված պահանջներին: Նախարարը ռեկտորներին ներկայացրել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի՝ ներկա փուլի ընթացքը. «Այժմ ամփոփում ենք գլխավոր հատակագծի՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցման վերջնական փուլը: Առաջիկայում պատրաստ կլինի նաև տեխնոլոգիական կլաստերի հայեցակարգը, որը նախատեսվում է քննարկել Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի գործընկերների հետ: Արդեն իսկ պայմանագիր ունենք Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ: Վերջինիս հետ աշխատելու ենք կրթական կլաստերի հայեցակարգի շուրջ: Պայմանագրի մաս է նաև կրթական մենեջերների համար դասընթացների կազմակերպումը՝ պատշաճ որակի կառավարում ունենալու նպատակով»:

Քննարկվել են նաև բուհերի խոշորացման, հոգաբարձուների խորհուրդների վերապատրաստման, էթիկայի մարմինների ձևավորման, կրեդիտային համակարգի ներդրման, ընթացիկ գործունեության բարելավման վերաբերյալ հարցեր:

Նմանատիպ նյութեր