211652_close_icon

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը. հայտարարություն

views-count367 դիտում article-date 16:51 30-10-2025
Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից չընդհատվող հալածանքները վերջին օրերին արտահայտվեցին անօրինակ նոր դրսևորումներով։ Արագածոտնի թեմի Հովհաննավանքում Սուրբ Պատարագի նվիրական անվան ներքո իրականացված սրբապիղծ բեմականացումից հետո իրավապահների անմիջական մասնակցությամբ և խոչընդոտող խմբերի ներգրավմամբ, բռնազավթված է Հովհաննավանքը, որի հետևանքով խաթարվում է տեղում ծառայության նշանակված Տեր Սարգիս քհն․ Սարգսյանի և Տեր Մանուկ քնհ․ Զեյնալյանի հոգևոր ծառայությունը։

Միաժամանակ խոչընդոտող խմբերի կողմից սպառնալիքներ ու բռնության կոչեր են հնչում ծառայության նշանակված հոգևորականների նկատմամբ։

Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը:

«Հարկ ենք համարում արձանագրել, որ իշխանությունների հովանավորմամբ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը, խղճի ազատության դեմ ոտնձգությունների հետևանքների վերացմանը, հավատացյալների հոգևոր-կանոնական կյանքի պաշտպանությանը և եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանը։

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերն ապահով ու անվտանգ պահի մեր երկիրը և անսասան մեր Սուրբ Եկեղեցին։ Ամեն»,- նշված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր