211652_close_icon

7 անձանց, այդ թվում՝ պարեկային ծառայության 4 պաշտոնյաների և ՃՈ նախկին տեսուչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

views-count496 դիտում article-date 16:32 30-10-2025
ՀՀ ՆԳՆ  ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի դասակի հրամանատարը և նույն դասակի պարեկային ծառայողները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ոստիկանության ՃՈ նախկին տեսուչի դրդչությամբ, ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրում չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության ու ապահովագրական ընկերության օրինական շահերին:

Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:

 Նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի հոկտեմբերին՝ Գորիս քաղաքում, վարորդը ավտոմեքենան վարելիս բախվել է երկու տրանսպորտային միջոցների, որից հետո դեպքի վայր ժամանած պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի դասակի հրամանատարը և նրա ենթակա պարեկային ծառայողները, տեղեկացված լինելով վարորդի՝ ՃՈ նախկին տեսուչի բարեկամը հանդիսանալու և հնարավոր ոչ սթափ վիճակում գտնվելու մասին, հիշյալ նախկին պաշտոնատար անձի դրդչությամբ դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ պարեկները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել վարորդի փաստաթղթերը վերցնելու, սթափության վիճակի զննություն կատարելու և ստացված տվյալները քննիչին տրամադրելու ուղղությամբ, ավելին՝ տվյալ վարորդի փոխարեն կատարել են այլ անձի նույնականացում և սթափության վիճակի ստուգաչափում, որից հետո տեղեկատվական համակարգում մուտքագրել են այդ մասին կեղծ տեղեկություն և նույն բովանդակությամբ կեղծ կտրոնը տրամադրել քննիչին, որի հետևանքով ապահովագրական ընկերությունը զրկվել է տուժած վարորդներին որպես պատճառված վնաս փոխհատուցած 1.178.950 ՀՀ դրամը պատահարում վնաս պատճառած անձից օրենքով սահմանված կարգով գանձելու հնարավորությունից:

Նախնական համաձայնությամբ, խմբի կազմում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար  պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի դասակի հրամանատարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև ևս 6 անձի, այդ թվում՝ 3 պարեկներին և ՃՈ նախկին տեսուչին: Դասակի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, իսկ պարեկներից մեկի նկատմամբ՝ պաշտոնավարման կասեցումն ու բացակայելու արգելքը: Ապահովագրական ընկերությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Վերը նշված 7 անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Նմանատիպ նյութեր