211652_close_icon

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Միքայել Սրբազանի պաշտպան

views-count820 դիտում article-date 23:00 04-10-2025

«Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի պաշտոնեական կեղծիքի և ակնհայտ անարդար դատավճիռ կայացնելու համար:

Այս կապակցությամբ մեր պաշտպանական թիմը համապատասխան հաղորդում կներկայացնի»,- նշել է Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։

Հենց դատավոր Արմինե Մելիքսեթյանի կայացրած վճռով է Միքայել Սրբազանը դատապարտվել 2 տարվա ազատազրկման։

Նա գրել է. «Փաստաբան Արամ Վարդևանյանը հրապարակավ հարցեր է բարձրաձայնել, նշելով՝«Միքայել Սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը կայացրած անձը ըստ փաստաբանական ակադեմիայի կանոնադրության

1) դրսևորե՞լ է բարեկիրթ վարքագիծ, թե՞ ոչ,

2) բա՞րձր է պահել Փաստաբանական ակադեմիայի բարի համբավը, թե՞ ոչ: Եթե այս հարցերի պատասխանները բացասական են, իսկ կարծում եմ՝ ակնհայտ է, որ բացասական են, դիմում եմ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր Արմինե Մելիքսեթյանի կարգապահական պատասխանատվության և հեռացման հարցի քննարկման նպատակով» (մեջբերման ավարտ):

Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ Փաստաբանական ակադեմիայի ունկնդրի հեռացման հարցը կարող է ներկայացվել խորհրդին միայն ռեկտորի կողմից:
Արամ Վարդևանյանի առաջարկը երկու հարց է առաջացնում ՝

1. Որպես դատավոր դատավճիռ կայացնելիս, որքան էլ որ անարդար լինի դատավճիռը, արդյոք Արմինե Մելիքսեթյանը կարող էր թույլ տալ ՀՀ փաստաբանական ակադեմիայի իրավական ակտերի խախտում, թե՝ ոչ.

2. Արդյոք հնարավոր է կամայականորեն հեռացնել ունկնդիր Արմինե Մելիքսեթյանին ՀՀ փաստաբանական ակադեմիայից, թե՝ ոչ:

Առաջին հարցի առնչությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ ՀՀ փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ միայն կոպիտ խախտում թույլ տալու դեպքում կարելի է ունկնդրին հեռացնել ակադեմիայից: Ընդ որում, կոպիտ խախտումները թվարկված են կանոնադրության (ունկնդիրների վարքագծի կանոնների հավելվածում) մեջ և Արամ Վարդևանյանի ներկայացրած դրսևորումներն այդ շարքում չեն:

Ինձ համար պարզ չէ, թե ինչ է նշանակում «չի դրսևորել բարեկիրթ վերաբերմունք»: Եթե բարեկիրթ վերաբերմունք է դրսևորել, բայց ամենաանարդար դատական ակտն է կայացրել: Սա ինչ ենք համարում:

Հետևաբար, դատավորի մասնագիտական գործունեության դրսևորումները չեն կարող ՀՀ փաստաբանական ակադեմիայի ներսում ազդել նրա՝ որպես ունկնդիր, սովորելու իրավունքի վրա:
Երկրորդ հարցի առնչությամբ առ այն, թե արդյոք հնարավոր է կամայականորեն հեռացնել ունկնդիր Արմինե Մելիքսեթյանին, պատասխանում եմ՝ ՈՉ: Հնարավոր չէ:

ՀՀ փաստաբանական ակադեմիայի ընթացակարգերը, այդ թվում՝ քննությունների ծածկագրման ռեժիմը, տարբեր դասախոսների, բողոքարկման հանձնաժողովի, վերահանձնման հանձնաժողովի հարաբերությունները կարգավորող ակտերը և մեխանիզմները պաշտպանում են ունկնդրին ՀՀ փաստաբանական ակադեմիայի որևէ պաշտոնատար անձի, այդ թվում՝ ռեկտորի կամայականությունից:

Արմինե Մելիքսեթյանը որքան էլ անցանկալի անձ լինի ինձ համար, դա ոչ մի կերպ չի կարող ազդել նրա սովորելու իրավունքի վրա:

ՀՀ փաստաբանական ակադեմիան չի կարող անարդարությամբ պատասխանել անարդար դատավորին կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող ունկնդրին:
Եթե պետք է անարդարությամբ պատասխանենք անարդարին, ապա նշանակում է դեպի լավը ոչինչ չի կարող փոխվել:

Հ.Գ. Վերջաբանի փոխարեն, արդեն որպես Միքայել Սրբազանի պաշտպան, պետք է նշեմ, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի պաշտոնեական կեղծիքի և ակնհայտ անարդար դատավճիռ կայացնելու համար: Այս կապակցությամբ մեր պաշտպանական թիմը համապատասխան հաղորդում կներկայացնի:

Նմանատիպ նյութեր