211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. «Ատոմակայանի» խաչմերուկում բախվել են «Mercedes»-ն ու մարդատար «Գազել»-ը. վերջինը կողաշրջվել է. կա 11 վիրավոր, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի ծառայող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4075 դիտում article-date 09:41 26-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի ժողովրդին հայտնի «ատոմակայանի» խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ու մարդատար «Գազել»-ը:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Արմավիր բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Եսայի Մալխասյանն ու Սիրան Մկրտչյանը: 
 
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի պետ Վ. Գևորգյանը:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: 
 
Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից հիվանդանոց է մեկնել քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ով այնուհետև ժամանելու է դեպքի վայր: 
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները: 

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ «Գազել»-ը մասնավոր է և դաշտ էր տեղափոխում խաղող հավաքողների: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Mercedes»-ի վարորդը ծառայում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերում: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր