211652_close_icon

Հակոբ Կարապետյանի միջադեպի հետ որևէ կապ չունեմ, ինքն է ինձ hայհոյել. այս ամենը դիտարկում եմ որպես քաղաքական պատվեր. Ավետ Բաբայան

views-count646 դիտում article-date 11:38 22-09-2025
Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հերքեց Երևանի քաղաքապետի նախկին մամուլի խոսնակ, լրագրող Հակոբ Կարապետյանի տարածած պնդումները, թե նա անձնական նամակով հայհոյել է Կարապետյանին կամ որևէ կապ ունի նրա նկատմամբ բռնության հետ։

«Ես Հակոբ Կարապետյանի ծեծի հետ որևէ կապ չունեմ։ Քննչական կոմիտեում հարցաքննվել եմ և ունեմ վկայի դատավարական կարգավիճակ։ Կարծում եմ` շուտով իրավապահ մարմինները պատասխանները կտան։ Հուսամ՝ այն լրատվամիջոցներն ու անձինք, որոնք փորձեցին միակողմանի մեղադրանքներ ներկայացնել, ժամանակի ընթացքում կտրամադրեն նաև հերքումները»,- ասաց Բաբայանը։

Նրա խոսքով՝ ինքը չի ընդունում Կարապետյանի պնդումները, թե մեսսենջերում հայհոյել է նրան։

«Քաղաքացուն ես պատասխանել եմ այն կոնտեքստով, ինչով նա ինձ վիրավորել է, որից անմիջապես հետո ստացել եմ սեռական բնույթի հայհոյանքներ։ Դրանից հետո խնդրել եմ հեռախոսահամարը՝ հասկանալու, թե ինչպես կարող է անծանոթ մարդը նման բան անել։ Նորից եմ ստացել հայհոյանքների տարափ։ Հետո նա անգամ զանգել է իմ աշխատավայր, փորձել է կապ հաստատել, իսկ երբ չեմ պատասխանել, մեսսենջերի միջոցով 10-15 նամակ է ուղարկել իմ ազգականներին, ընկերներին և աշխատակիցներին՝ կրկին հայհոյանքներով», -նշեց Բաբայանը։

Բաբայանը հավելեց, որ ընթացողը դիտարկում է որպես քաղաքական պատվեր, և հենց այդ պատճառով է փորձել զերծ մնալ հետագա շփումից։ «Ես Հակոբ Կարապետյանին երբևէ չեմ հանդիպել, չեմ ճանաչում։ Մենք բռնությունը դատապարտում ենք և ընդունում արդար քննադատությունը, բայց դա չի նշանակում, որ մարդը, լինելով նախկինում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ, իրավունք ունի սեռական բնույթի և այլ վիրավորանքներ տեղալ», - ասաց նա։

Բաբայանի փաստաբանը նշեց, որ դիտարկվում է դատարան դիմելու հարցը՝ «անբարեխիղճ ձևով այդ հայտարարությունները տարածելու և վերարտադրելու համար»։ Վերջնական որոշումը, ըստ նրա, կհրապարակվի առաջիկա օրերին։

Նմանատիպ նյութեր