211652_close_icon

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան և ևս 2 հոգի մարմնական վնասվածք հասցնելու կասկածով պարեկների կողմից ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանություն․ նախաձեռնվել է քրեական վարույթ

views-count2614 դիտում article-date 10:01 06-08-2025
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական բաժնում էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը կապված է օգոստոսի 4-ին Երևանում 3 քաղաքացիների միջև տեղի ունեցած քաշքշուկի, վիճաբանության փաստով: 

Այդ օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները ծառայություն կատարելիս նկատել են, որ Պարոնյան փողոցի 1 հասցեի մոտ 3 քաղաքացի վիճաբանում և միմյանց քաշքշում են: 
 
Պարեկները մոտենում են նշված անձանց, հայտնաբերում, որ նրանցից մեկի ճակատային հատվածում վնասվածք կա: 
 
Նշված անձինք մարմնական վնասվածք հասցնելու կասկածով պարեկների կողմից ձերբակալվում ու տեղափոխվում են ոստիկանության Կենտրոնական բաժին: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղափոխված անձինք են Երևանի բնակիչներ 48-ամյա Արթուր Միրումյանը, 29-ամյա Դավիթ Հովհաննիսյանը և 30-ամյա Շանթ Բագրատյանը: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը նախկին ԲՀԿ անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր