211652_close_icon

ԿԽՄԿՆ-ն այլևս չի այցելի Բաքվում պահվող հայերին. Tert.am

views-count820 դիտում article-date 17:38 30-07-2025
Բաքվում պահվող հայերին այս պահին նախատեսված որևէ այց հստակեցված չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

«Քանի որ ԿԽՄԿ-ն ստացել է՝ Ադրբեջանի իշխանությունների՝ գրասենյակը փակելու մասին գրություն, և գրասենյակը շուտով փակվելու է, այդ կապակցությամբ կարող ենք հաստատել միայն այն, ինչ այս պահի դրությամբ ունենք: Վերջին տեսակցությունը, որ ունեցել ենք նրանց հետ, հունիսին էր: Մինչև գրասենյակի պաշտոնական փակումը, որի մասին լրացուցիչ կհայտնենք՝ երբ դա տեղի ունենա, այս պահին նախատեսված որևէ այց հստակեցված չէ»,- ասաց նա:

Նա հավելեց, որ միևնույն ժամանակ կազմակերպությունը շարունակում է երկխոսությունն Ադրբեջանի իշխանությունների հետ: «Կազմակերպությունը շարունակում է երկխոսությունն Ադրբեջանի իշխանությունների հետ՝ հասկանալու, թե ինչ հնարավոր տարբերակներ կարող են լինել մարդասիրական խնդիրներին անդրադառնալու համար։

Խոսքը վերաբերում է ինչպես պահվող անձանց տեսակցությունների խնդրին, այնպես էլ անհայտ կորածների որոնման և մնացած մարդասիրական գործառույթներին։ Եթե հնարավոր լինի, փորձելու ենք ինչ-որ մասով շարունակել աշխատանքները կամ դրանք կփոխանցվեն այլ կառույցների։ Սակայն այս պահին հստակություն և որոշակիություն չկա»,- ընդգծեց ԿԽՄԿ ներկայացուցիչը։

Ամատունու խոսքով, հաշվի առնելով այն փաստը, որ գրասենյակն Ադրբեջանում շուտով փակվելու է, տեսակցությունների մասով չեն կարող ընտանիքներին պահել անորոշության մեջ:
«Մենք հստակ իրենց փոխանցել ենք այն, ինչ ունենք՝ կատարված այց հունիսին և ոչ մի հստակություն առաջիկայում կապված այս մասով»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ Բաքվում պահվում և ապօրինի ու շինծու գործով դատում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Բաքվի բանտերում պաշտոնապես պահվում են 23 հայ գերի:

Նմանատիպ նյութեր