211652_close_icon

Կողմ եմ եկեղեցու անբասիր լինելուն, վարչապետի առաջարկած «հոգևոր հավաքին» ձայնս ասելու եմ իմ ներկայությամբ. Շիրակի մարզպետ

views-count793 դիտում article-date 17:49 28-07-2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում հաստատատեց՝ կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած՝ «հոգևոր հավաքին»:

«Ես՝ որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, բնականաբար, կողմ եմ եկեղեցու անբասիր լինելուն և միանշանակ ես իմ ձայնը ասելու եմ այդ ժամանակ իմ ներկայությամբ»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ եկեղեցին պետք է ծառայի ժողովրդին, իսկ եթե շեղվում է իր առաքելությունից, ապա դա արդեն կարող է դիտարկվել որպես ազգային անվտանգության խնդիր։

Առուշանյանն ընդգծեց նաև իր ընտանիքի սերտ կապը եկեղեցու հետ՝ նշելով, որ իրենք տարիներ շարունակ պաշտպանել են եկեղեցիները, այդ թվում՝ Վանի Վարագավանքը։ «Վարագավանքի եկեղեցու բանալին պահվում է մեր տանը, որովհետև մեր ընտանիքը փրկել է այդ եկեղեցին։ Դա ինձ իրավունք է տալիս բարձրաձայնելու, երբ տեսնում եմ աղավաղումներ»,- ասել է նա։

Նա նշեց, որ հավատացյալները գնում են եկեղեցի՝ Աստծո հետ հաղորդակցվելու, իսկ եթե հոգևորականը կտրված է Աստծուց, նրա օրհնությունն այլևս արժեք չունի։

«Ես՝ որպես ծնող, ուզում եմ, որ իմ երեխային օրհնի այն հոգևորականը, որն ունի կենդանի կապ Աստծո հետ։ Իսկ եթե չունի՝ ի՞նչ արժեք ունի նրա օրհնությունը», - ասաց Առուշանյանը:

Նա նաև անդրադարձավ այն դիտարկմանը, թե քննադատելով եկեղեցին՝ միջամտում է պետությունից անջատ կառույցի գործերին։ «Եկեղեցին բոլորինս է։ Այն չի կարելի դիտարկել որպես մեկուսացված կառույց։ Սահմանադրորեն անջատ լինելը չի նշանակում՝ չքննադատել։ Քրիստոնյան իրավունք ունի իր հավատքի, իր եկեղեցու վերաբերյալ կարծիք հայտնել։ Ժողովրդավար երկրում դա բնական է»,- ամփոփեց նա:

Նմանատիպ նյութեր