211652_close_icon

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ԵՊՀ ուսանողներին ներկայացրել է քրեակատարողական համակարգի բարեփոխումների տեսլականը

views-count1684 դիտում article-date 15:08 27-06-2025
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը հանդիպել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, դոցենտ Յուլիանա Մելքումյանի և 2-րդ, 3-րդ ,4-րդ կուրսի ուսանողների հետ։

Ծառայության պետն ուսանողների հետ զրույցում ներկայացրել է քրեակատարողական ոլորտի բարեփոխումների տեսլականը, համակարգի արդի խնդիրները, մարտահրավերների հաղթահարման ամենօրյա գործողությունները։ Իր խոսքում Ծովինար Թադևոսյանն ընդգծել է հատկապես սոցիալական աշխատանքի կարևորությունն ազատազրկված անձանց հետ, ներկայացրել քրեակատարողական հիմնարկներում սոցիալ-հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները:

Ներկայացվել են նաև քրեակատարողական հիմնարկներում իրականացվող վերասոցիալականացման ծրագրերը, ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման աշխատանքները։ Քրեակատարողական համակարգի լավարկման գործում Ծովինար Թադևոսյանը շեշտել է գիտական ներուժի կիրառման անհրաժեշտությունը և այդ
համատեքստում պատրաստակամություն հայտնել՝ լայն հարթակ տրամադրել հետազոտական աշխատանքներում ուսանողների ներգրավման համար։

Հանդիպման ընթացքում Ծառայության պետը նաև պատասխանել է ուսանողների հարցերին։

Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 14-ին Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել էր համագործակցության հուշագիր՝ պայմանավորված քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև կայուն փոխհարաբերության ապահովմամբ։

Նմանատիպ նյութեր