211652_close_icon

Իշխանությունների կողմից Արցախի Աժ պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանավորման քաղաքական մոտիվացված քայլը դիտվում է փորձ՝ լռեցնելու Արցախի օրինական ներկայացուցիչներին. հայտարարություն

views-count358 դիտում article-date 14:22 27-06-2025
2025 թվականի հունիսի 25-ին Հայաստանում իրականացված մասսայական ձերբակալությունների արդյունքում կալանավորվել է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ ՀՀ դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք, ինչի հետևանքով նա այս պահին գտնվում է անազատության մեջ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ-ն:

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները խստորեն դատապարտում են իշխանության կողմից իրականացվող ցանկացած դրսևորում, որի հիմքում ընկած են քաղաքական դրդապատճառներ, որոնք միանշանակորեն հակասում են ժողովրդավարության սկզբունքներին և խաթարում են համահայկական համերաշխության և փոխվստահության հնարավորությունը։

Դավիթ Գալստյանը երկար տարիներ իր գործունեությունն իրականացրել է բացառապես Արցախի Հանրապետության օրենսդիր մարմնի շրջանակում՝ հետևողականորեն պաշտպանելով արցախցիների շահերը և գործելով ի նպաստ հայ ժողովրդի հավաքական շահերի։
2023 թվականին բռնի տեղահանության արդյունքում տեղափոխվելով Հայաստան՝ Դավիթ Գալստյանը շարունակել է իր մասնագիտական գործունեությունը՝ մնալով հավատարիմ ժողովրդավարական և ազգային արժեքներին։ Ուստի Գալստյանի գործունեությունն իրականացվել է բացառապես օրինական դաշտում, չի պարունակել և չէր կարող պարունակել որևէ գործողություն, որը կարող էր դիտարկվել որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության պետականության համար։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները իշխանությունների քաղաքական մոտիվացված այս քայլը դիտում են որպես փորձ՝ լռեցնելու Արցախի օրինական ներկայացուցիչներին։ Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պատգամավոր Դավիթ Գալստյանին և հայտարարում, որ հետևելու ենք նրա շուրջ զարգացող գործընթացների օրինականությանը՝ պահանջելով դադարեցնել նման քաղաքական հետապնդումների գործելաոճը։

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»:

Նմանատիպ նյութեր