211652_close_icon

Ընդդիմությունը վարկաբեկում է ցանկացած հայրենասեր, նվիրյալ մարդու՝ ջուր լցնելով Նիկոլի ու նրա խմբակի՝ քաղաքական երկարակեցության ջրաղացին. Արամ Ավետիսյան

views-count7943 դիտում article-date 10:34 25-06-2025
Հայտնի գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանը, լինելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակ, չէր կարող չեզոք դիրք գրավել ու հանդես չգալ ի պաշտպանություն Հայ Եկեղեցու, որին թիրախավորել է վարչապետի պաշտոնը զբաղեցնողը:

Կարապետյանի քայլն, իրապես, արժանապատիվ հայի կեցվածք էր: Չնայած, ինքն էլ, կարծում եմ, լավ գիտեր, որ հանդես գալ Հայ Եկեղեցու պաշտպանության դիրքերից, թիրախավորվելու է իշխանության պարագլխի կողմից: Ինչը տեղի ունեցավ և Փաշինյանի հրահանգով՝ Սամվել Կարապետյանը, 2 ամսով կալանավորվեց:

Փաշինյանն այսպես է վարվում բոլոր այն ազգասեր, պետականամետ անձանց հանդեպ, ումից ունի մեծ վախեր ու անհանգստություն: Գիտակցելով, որ իր վարկանիշն օրեցօր զրոյանում է, Փաշինյանը պետք է հնարավոր միջոցներով լռեցնի իր քաղաքական այլախոհներին, ինչն էլ արեց Սամվել Կարապետյանի պարագայում:

Անդրադառանամ մեկ այլ կարևոր փաստի:

Փաշինյանի վարկանիշի անկմանը զուգահեռ, նույն արագությամբ, անկում է ապրում նաև խորհրդարանական ընդդիմության վարկանիշը: Մարդիկ պարզ ասում են՝ «մերժում ենք ազգադավ Նիկոլին, մերժում ենք նաև անգործության մատնված ԱԺ ընդդիմությանը, մեր երկրին նոր ուժեր, քաղաքական նոր դեմքեր, լիդերներ են հարկավոր»: Հետևաբար, երբ դաշտում ի հայտ են գալիս ազգային մտածողության անձիք, ընդդիմությունը, որը սպառել է իրեն, շտապում է «սեփականաշնորհել» «նորեկին», ու ժողովրդի խոսքով ասած՝ «իրենով անել»: Դրա հետևանքը լինում է այն, որ տվյալ անձը շատ արագ վարկաբեկվում է ու կորցնում ժողովրդի վստահությունը: Եվ փաստորեն, ձախողում է հնարավոր իշխանափոխությունը՝ դեռ չծնված:

Հիշենք՝ նույնը կատարվեց «Սրբազան պայքարի» ժամանակ: Այն պահից, երբ Բագրատ Սրբազանն իրեն շրջապատեց 2-րդ, 3-րդ նախագահներով ու նրանց հարող կուսակցություններով՝ պայքարը գլխատվեց: Մարդիկ, հիասթափված, այլևս չցանկացան մասնակցել Բագրատ Սրբազանի կազմակերպած ակցիաներին:

Ասեմ, որ նույն ընթացքը նկատելի է նաև այսօր: Հայտնի գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանի համարձակ հայտարարությունից հետո, երբ վախեցած Նիկոլն անցավ հարձակման, մյուս կողմից էլ ակտիվացավ ձախողված ընդդիմությունը: Թևքները քշտեցին ու կանգնեցին Կարապետյանի կողքին, որպես նրա շահերի պաշտպաններ:
Ցավով պիտի արձանագրեմ՝ Սամվել Կարապետյանի վերջին հայտարարությունը ձոն էր, ուղղված ԱԺ ձախողված ընդդիմությանը…

Ակնհայտ է, որ ձախողման սցենարը մեկը՝ մեկով կրկնվում է: Ու մենք նորից մտնում ենք՝ «ի շրջանս յուր»:

Հետ կանգնելու փոխարեն, դաշտն իրենց ներկայությունից ազատելու փոխարեն, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց ներկայությամբ վարկաբեկում են ցանկացած հայրենասեր, նվիրյալ մարդու՝ ջուր լցնելով Նիկոլի ու նրա խմբակի՝ քաղաքական երկարակեցության ջրաղացին:
Ասել եմ ու կասեմ, քանի դեռ ԱԺ ընդդիմությունը շարունակում է զավթած պահել ընդդիմադիր դաշտը՝ Նիկոլը մնալու է վարչապետ…

Արամ Ավետիսյան
քաղաքագետ

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր