211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Վայքի էլցանցի Ջերմուկի մասնաճյուղի աշխատակիցը հիվանդանոցում մահացել է

views-count14935 դիտում article-date 16:11 15-06-2025
Հունիսի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15:45-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջերմուկի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ջերմուկի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսենյանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Վայոց ձորի մարզի բնակիչ 47-ամյա Սեդրակ Թ.-ն է, ով աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Վայքի էլեկտրական ցանցի «Ջերմուկ» մասնաճյուղի մալուխային ցանցի վարպետ և օդային գծերի սպասարկման էլեկտրիկ, ով ժամը 14:15-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում աշխատանքային պարտականությունները կատարելիս՝ էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելու ժամանակ, նշված սյունը կոտրվելու և կողաշրջվելու հետևանքով Սեդրակ Թ.-ն վայր է ընկել:

Դեպքի մասին ոստիկանության Ջերմուկի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հաջորդ օրը՝ հունիսի 12-ին, «Վայոց ձոր» բժշկական կենտրոնում Սեդրակ Թ.-ն գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր