211652_close_icon

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Առինջ-Ձորաղբյուր «չարաբաստիկ» խաչմերուկում․ բախվել են «Lexus»-ը ու «Toyota Camry»-ն․ վերջինը բռնկվել և վերածվել է մոխրակույտի․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count25868 դիտում article-date 21:57 11-06-2025
Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ Առինջ-Ձորաղբյուր «չարաբաստիկ» խաչմերուկում, բախվել են Երևանի բնակիչ 59-ամյա Վահե Վարդանյանի վարած «Lexus» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Տիգրան Գինոսյանի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մարել են «Toyota Camry»-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, ապա հոսանքազրկել են «Lexus»-ը և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ալեքսան Եղիազարյանը և կրտսեր պարեկ Ռոբերտ Հովհաննիսյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբվոյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ՝ այդ թվում ողբերգական ու մարմնական վնասվածքներով, ու դա պետք է առաջին հերթին անհանգստացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ու «Ճանապարհային դեպարտամենտ» հրմնադրամին ու պետք է խելք խելքի տան, այդ պատուհաս դարձած խաչմերուկում երևեկությունը կարգավորեն անհրաժեշտ ցուցանակներով։ 

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր