211652_close_icon

Քեմբրիջի դպրոցի աշակերտների հետ հանդիպմանը Սրբուհի Գալյանը խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին

views-count2044 դիտում article-date 20:09 04-06-2025
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտների (Cambridge International Curriculum-Cambridge) հետ և անցկացրել հարց ու պատասխանի ձևաչափով քննարկում «Ի՞նչ է կոռուպցիան» թեմայով:

Հանդիպման ընթացքում նախարար Գալյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է «Զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ» սկզբունքը՝ ընդգծելով կոռուպցիայի դեմ համակարգված պայքարի կարևորությունը։

Նախարարը ներկայացրել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարող հիմնական պետական մարմինների գործունեությունը, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Գլխավոր դատախազության և Հակակոռուպցիոն դատարանի գործառույթները։ Նա նաև ընդգծել է 2023 թվականից գործող Հակակոռուպցիոն դատարանների կարևորությունը, որոնք քննում են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը։

Սրբուհի Գալյանն ընդգծել է հակակոռուպցիոն կրթության կարևորությունը՝ նշելով, որ հակակոռուպցիոն դասընթացներ են անցկացվում թե՛ բուհերում, թե՛ դպրոցներում։ Նա անդրադարձել է նաև Բարեվարքության ինստիտուտի ներդրմանը:

Անդրադառնալով ազդարարման ինստիտուտին՝ նախարարը շեշտել է, որ յուրաքանչյուր քաղաքացի, որն առերեսվում է կոռուպցիոն երևույթի հետ, կարող է անանուն կերպով ազդարարել այդ մասին, և Գլխավոր դատախազությունը պարտավոր է ուսումնասիրել այդ հաղորդումը։

«Հեղափոխությունից հետո կարող ենք արձանագրել, որ համակարգված և շղթայաձև կոռուպցիոն սխեմաներ այլևս չկան, սակայն առկա են բազմաթիվ կոռուպցիոն գործեր, որոնք քննվում են դատարաններում»,- նշել է Գալյանը։

Ուսանողների հետաքրքրությանն ի պատասխան նախարարն անդրադարձել է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին՝ ներկայացնելով գործող օրենքի հիմնական մեխանիզմներն ու իրավական կարգավորումները։

Նմանատիպ նյութեր