211652_close_icon

Մանկապարտեզի նախկին տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար

views-count3295 դիտում article-date 10:56 29-05-2025
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Երևանի մանկապարտեզներից մեկի նախկին տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու, յուրացնելու, վատնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մանկապարտեզի նախկին տնօրենը մի խումբ անձանց ընդունել է աշխատանքի, սակայն վերջիններս փաստացի չեն իրականացրել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ավելին, աշխատավարձը և այլ վճարումներ վերջիններիս բանկային հաշվիներին փոխանցվելուց հետո կանխիկացվել են մանկապարտեզի նախկին հաշվապահի կողմից և փոխանցվել տնօրենին։ Արդյունքում, մանկապարտեզի տնօրենի կողմից հափշտակվել՝ յուրացվել է առանձնապես խոշոր չափերով՝ 12 մլն 930 հզր 512 ՀՀ դրամ և վատնվել է առանձնապես խոշոր չափերով՝ 3 մլն 699 հզր 373 ՀՀ դրամ գումար։

Բացի այդ, տնօրենն իր կողմից աշխատանքի ընդունված անձանց աշխատավարձը և այլ վճարումներ յուրացնելու և վատնելու նպատակով ստորագրել և հաստատել է վերջիններիս կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամերի մասին ակնհայտ կեղծ տվյալներով տեղեկագրեր:

Բացի այդ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հաշվապահը մանկապարտեզի բանկային հաշվից իր անվամբ ՀՀ-ում գործող տարբեր բանկերում բացված հաշիվներին փոխանցել է առանձնապես խոշոր չափերով՝ 15 մլն 993 հզր 511 ՀՀ դրամ գումար և յուրացրել այն։

Լ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը) և 445-րդ հոդվածի 1-ին կետով (պաշտոնեական կեղծիքը), Ն․Հ․-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը) (2 դրվագ), 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը), Մ․Զ․-ի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը), Ն․Զ-ի, Ռ.Գ.-ի, Վ.Գ-ի և Ս․Հ-ի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը)։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր