211652_close_icon

Արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացուն ուզում եք հարկել, չնայած, նրանց, օրինակ, ՌԴ-ում վճարած հարկերը կարող են 20%-ն անցնել, արդար չէ. Ավետիսյան

views-count2485 դիտում article-date 13:55 19-03-2025
Կրկնակի հարկումը բացառող քանի՞ միջազգային համաձայնագիր ունի ՀՀ-ն այս պահին. այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում 2026-ի Բյուջեի հայտը քննարկելու ժամանակ հետաքրքվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր նմանատիպ համաձայնագրերի գործարկմանը, օրինակ եկամտահարկի մասով:

«Կարո՞ղ եք կոնկրետ օրինակ ՌԴ եկամտահարկի հետ համեմատության վերաբերյալ տվյալ նշել: ՀՀ-ում եկամտահարկի դրույքաչափը, ներառելով նաև այլ հարկատեսակ, ավելի բարձր է, քան այդ համեմատվող երկրներում հիմնականում, որոնց հետ ունենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր։

Խնդրում եմ՝ մեր հանրության համար պարզ ասեք՝ նման համաձայնագրեր ունեցող երկրներում աշխատող արտագնա միգրանտները, այդ երկրներում աշխատում են ու ստանում են այնտեղ եկամուտ, ապա ի՞նչ հարկային պարտավորություններ ունեն իրենց արտագնա աշխատանքից ստացած եկամուտների գծով»,- հարցրեց պատգամավորը:

Ֆինանսների նախարարության հարկային քաղաքականության վարչության պետ Օրի Ալավերդյանը նշեց, որ 51 երկրի հետ արդեն ունենք վավերացված և գործող համաձայնագրեր:

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին Ալավերդյանն ասաց, որ ֆիզիկական անձանց եկամուտների հարկման դեպքում կախված երկրի օրենսդրությունից, բնականաբար, և կրկնակի հարկում բացառում համաձայնագրի դրույթներից, գործում է այն սկզբունքը, որ եթե եկամուտ ստացող քաղաքացին պահպանում է Հայաստանի ռեզիդենտությունը, Հայաստանը շարունակում է պահպանել համաշխարհային եկամուտներից իր հարկման իրավունքը:

«Բնականաբար, պետք է դիտարկել երկրներում գործող դրույքաչափերը, երկրներում գործող հարկային բեռը, որովհետև գիտեք, շատ երկրներում, պրոգրեսիվ դրույքաչափեր են գործում եկամտային հարկի և հավանաբար, ամենայն հավանականությամբ Հայաստանում գործող 20% դրույքաչափը գերազանցելու է արդյունավետ։ Ես խոսում եմ երկրների մեծամասնության մասին։

Ռուսաստանի դեպքում ճիշտ եք, նույն նոմինալ եկամտային հարկի դրույքաչափը այնտեղ ևս պրոգրեսիվություն կա ) կա, բայց սկսում է, եթե չեմ սխալվում, 13% դրույքաչափից և վերջերս կատարված փոփոխություններով իրենց մոտ աճում է 20 և ավել դրույքաչափ»,- ասաց նա:

Ավետիսյանն էլ նշեց, որ հիմա խնդիրն այն չէ, թե վատ է այս կրկնակի հարկումը բացառել, ընդհակառակը, դա լավ է, խնդիրը նրանում է, որ ՀՀ-ում  եկամտային հարկ կոչվածը, որը նաև նման անվանում ունի այդ երկրներում, որոնք մեր գործընկերներն են այս համաձայնագրի շրջանակներում, նույն բանը չեն։

«Այսինքն, հիմա դուք, որ ասում եք 13% և 13%-ը նաև պրոգրեսիվ աճում է, այդ 13%-ից բացի, ՀՀ քաղաքացին, որ աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում, վճարում է նաև պարտադիր սոցիալական վճարներ։ Այդ պարտադիր սոցիալական վճարները, եթե գումարես այդ 13%-ին, այդ մարդու համար էլ Հայաստանում այս սկզբունքի ներքո հարկ չի առաջանա, որովհետև այնտեղ արդեն ավելի քան 20% վճարած կլինի։

Հիմա դուք դա նկատի չեք առնում, այդ մարդուն ասում եք՝ կգաս, ենթադրենք 7% էլ հարկ քո ստացած եկամտից արտագնա աշխատանքի մեկնող հարգելի քաղաքացի, կվճարես Հայաստանում։ Սա ոչ միայն արդար չի, ազնիվ չի, այլ նաև հակասում է ձեր կողմից ներկայացված համաձայնագրերի բնույթին և տրամաբանությանը։ Սա է խնդիրը, սա պիտի լուծենք և ոչ թե Չինաստանը ու Ռուսաստանը պիտի լուծի այդ խնդիրը, այլ պիտի լուծի Հայաստանի Հանրապետությունը»,- ընդգծեց պատգամավորը։

Նմանատիպ նյութեր