211652_close_icon
views-count1069 դիտում article-date 15:44 20-02-2025

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց 25 մլն դրամի գրավով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ավելի քան երկու տարի արգելանքի տակ գտնվելուց հետո ազատ կարձակվի։ Հայտնում է  «Փաստինֆո»-ն:

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, գործի քննության ավարտական՝ ճառերի փուլում, որոշում է կայացրել Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը փոխարինել գրավով՝ 25 մլն դրամի չափով՝ համակցված բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ։

Որպես վարչական հսկողության պայման՝ դատարանն արգելել է Արուսյակ Ալեքսանյանին շփվել մեղադրյալներ Էրիկ Ալեքսանյանի և Թամարա Պետրոսյանի, ինչպես նաև՝ վերջիններիս պաշտպանների հետ։

Նշենք, որ գործի քննությունը գտնվում է ավարտական փուլում։ Նախորդ նիստերի ընթացքում ճառով է հանդես եկել Էրիկ Ալեքսանյանը, պաշտպանները, Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանների մի մասը։ Հաջորդ դատական նիստին Արուսյակ Ալեքսանյանի մյուս պաշտպանները ևս հանդես կգան պաշտպանական ճառով, ինչին կհաջորդի Արուսյակ Ալեքսանյանի եզրափակիչ ելույթը։

Հիշեցնենք, որ 2022թ․ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տևած քննության արդյունքում բավարարվել է։

Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։

Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը և այժմ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Իսկ որպես «օժանդակություն», ըստ պաշտպանների, դիտարկվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կողմից իր փաստաբանական լիազորություններից օգտվելն ու իր իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոցը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը։ Արուսյակ Ալեքսանյանը, դատավորի օգնական Թամարա Պետրոսյանը և Էրիկ Ալեքսանյանն իրենց ներկայացված մեղադրանքը չեն ընդունում։

Նմանատիպ նյութեր