211652_close_icon
views-count1390 դիտում article-date 15:17 20-02-2025

ՔԻՊ-ը կոչ է անում կարգապահական վարույթ հարուցել դատավոր Անի Մխիթարյանի նկատմամբ

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ահազանգում է արդարադատության նկատմամբ հանրային
վստահությունը քայքայող երևույթի մասին։

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կոպտորեն ոտնահարելով արդարադատության տարրական նորմերը,
հետին թվով էական բովանդակային փոփոխության է ենթարկել թիվ ԵԴ/45878/02/21 քաղաքացիական գործով
2024-ի հոկտեմբերի 7-ին իր իսկ ընդունած դատական ակտը: 2025-ի փետրվարի 14–ին «Դատալեքս»
տեղեկատվական համակարգից պարզվել է, որ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2024-ի նոյեմբերի 15-ին
կայացրել է «Վրիպակն ուղղելու մասին» վերտառությամբ որոշում, որը չի առաքվել դատավարության կողմերին և,
որով հիմնովին փոխվել է նույն դատարանի կողմից հոկտեմբերի 7-ին ընդունված դատական ակտի էությունը։ Ընդ
որում՝ «Վրիպակի ուղղում»-ն ի հայտ է եկել այն ժամանակ, երբ նույն դատարանի «ուղղվող» որոշումն (առանց
վրիպակի) շուրջ 2.5 ամիս առաջ բողոքարկված էր Վճռաբեկ դատարանում։

ՔԻՊ-ը ողջամիտ կասկածներ ունի, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտը հետին ամսաթվով
էապես փոխելու գործողությունը թելադրվել է Վճռաբեկ դատարանի կողմից:

Այսու՝ ՔԻՊ-ը ԲԴԽ-ին, Արդարադատության նախարարությանը և Դատավորների էթիկայի հանձնաժողովին կոչ է
անում միջոցներ ձեռնարկել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանի նկատմամբ
կարգապահական վարույթ հարուցելու, գործընթացը իրավական կոլապսից դուրս բերելու, դատական իշխանության
հեղինակությունը խայտառակությունից զերծ պահելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր