211652_close_icon
views-count12919 դիտում article-date 09:25 31-01-2025

Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. «Opel»-ը բախվել է էլեկտրասյանը և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Արման Խոյեցյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 97 կմ հատվածում` Սարամեջ բնակավայրի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, ապա երկաթե ցուցանակին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Խոյեցյանը, ուղևորներ, Լոռու մարզի բնակչներ 19-ամյա Մաթևոս Մակարյանը և 18-ամյա Լաուրա Թարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Համլետ Պողոսյանը տեղում մահացել է: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: 
 
Օպերատիվ են գործել «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: 

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 
 
Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել են հերթապահություն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները` գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, դասակի հրամանատար Արամ Պետրոսյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Հրաչյա Մխիթարյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը` բաժնի պետ Սերգեյ Մալաքյանի, բաժնի պետի տեղակալ Համլետ Ասոյանի գլխավորությամբ: 

Դեպքի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Ղազախեցյանի, Արման Գալստյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Արթուր Մնոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Մուքոյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է Սպիտակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` «Սպիտակ» ԲԿ-ից վիրավորներից 1-ը դուրս է գրվել, իսկ 2-ը ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+

Նմանատիպ նյութեր