211652_close_icon
views-count700 դիտում article-date 23:21 26-01-2025

Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է. ՀՅԴ ԳՄ

Ապազգային, ապապետական և  հակագիտական մտավարժանքներից ծնված վարչախմբի պարագլխի վերջին հայտարարությունը  ոչ այլ ինչ է, քան մեր համազգային  հավաքական իրավունքների  և ինքնութենական հիմքերի կազմաքանդում և նսեմացում,  տարատեսակ  քողածածկույթներով թուրք-ադրբեջանական պահանջների բավարարում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:

«Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող  հայտարարությունն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է, որը,  թուրքական նախապայմանների բավարարման հետ մեկտեղ, անարգում է  4 տասնյակն անցնող երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, որոշ երկրների պարագայում՝ այն քրեականացնելու իրողությունը, նաև՝ Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման դեմ համամարդկային ջանքերն ու միջազգային իրավունքի նորմերը։ 

Այս դատապարտելի  հայտարարությունը  նսեմացնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ հայ ժողովրդի տարբեր սերունդների կողմից գեներացված քաղաքական, գիտական, հասարակական ժառանգությունը,  մեր հավաքական պայքարն ու զոհաբերումը։  
Այն անարգանք է Հայ Առաքելական Սուրբ  եկեղեցու կողմից սրբադասված 1915 թվականի Հայոց ցեղասպանության  զոհերի, մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին։  

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը վերահաստատում է՝  

• Հայոց ցեղասպանության ճանաչումը, մեր ժողովրդի իրավունքների վերատիրացումն  անժամանցելի է, այն հիմնված է միջազգային իրավունքի, պատմական արդարության վերականգման կենսական պահանջի վրա, բխում է Հայ ժողովրդի և Հայոց պետականության ռազմավարական շահերից,  
 
• Ցեղասպանության դատապարտումը, հետեւանքների վերացումը լրջագույն հիմք են՝ բացառելու և կանխելու մարդկության դեմ նման հանցագործությունները,  

• Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման` ՀՀ Անկախության հռչակագրով արձանագրված պահանջից հրաժարումը չի չեզոքացնելու Հայաստանի Հանրապետության դեմ թշնամական, ծավալապաշտպական նկրտումները, անվտանգության սպառնալիքները։  

Արձանագրում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների և նախապայմանների անշրջահայաց  սպասարկումը թշնամական քաղաքականություն է, որն ուղիղ մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը,  ապառնալիք մեր պետականության գոյությանն ու  աշխարհասփյուռ հայության կենսական  շահերին։  
 
Կրկին դիմում ենք հայությանը՝ Հայաստանում և Սփյուռքում, համախմբվելու մեր պետականության կազմաքանդումը կասեցնող ազգային-պետական  օրակարգերի շուրջ»։ 

Նմանատիպ նյութեր