211652_close_icon
views-count4372 դիտում article-date 11:50 20-01-2025

Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիր քաղաքում. «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:05-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Ալիկ Ն.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Հրանուշ Գ.-ին: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ապա ահազանգել է շտապօգնություն և ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը վիրավորին տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն: 
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումատակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ: 

Տարածքը պարեկները սահմանազատել են:  

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանը: 
 
Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Վաորրդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
 
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արմավիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը ճանապարհին գիտակցության չգալով մահացել է: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր