211652_close_icon
views-count379 դիտում article-date 15:58 15-01-2025

Մեր գոյատևման բանալին բալանսավորված կապերն են թե' ՌԴ-ի, թե' Արևմուտքի, թե' Իրանի հետ. Լևոն Զուրաբյան

Հայաստանի գոյատևման բանաձևը դա հավասարակշռությունն է, մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Մենք  պիտի հրաժարվենք սատելիտային մտածողությունից։ Ընդ որում, ինչքան անընդունելի է  Ռուսաստանի սատելիտ լինելու գաղափարախոսությունը, նույնքան էլ անընդունելի է Միացյալ նահանգների սատելիտ լինելու գաղափարախոսությունը, այսինքն Հայաստանը պետք է լինի անկախ պետություն։ Մենակ այդ դեպքում մեզ  կհարգեն, մեզ հետ հաշվի կնստեն և բոլորը կմրցակցեն, ոչ թե սա ում սատելիտն է, այլ կփորձեն մեզ հետ լավ հարաբերություններ մշակել, բայց մենք պիտի այդ ուղղությամբ գնանք:

Հիմա լավ է, որ արևմուտքի հետ զարգացնում ենք հարաբերությունները, ինչ-որ քայլեր ենք անում, բայց դա չպիտի բերի թշնամացման Ռուսաստանի հետ։ Այսինքն այստեղ պետք է շատ նուրբ նավարկում, շատ նուրբ քաղաքականություն, որը վարելու կարողությունն առայժմ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի մոտ չեմ տեսնում։ Փաշինյանը պետք է կարողանա այնպիսի կուրս տանել, որ նաև Ռուսաստանը մեզ հետ բարիացական և նորմալ հարաբերություններ ունենա։ Ինքը դա առայժմ չի կարողանում անել»,- ասաց Զուրաբյանը:

Զուրաբյանի խոսքով՝ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու իրավիճակ չի ստեղծվել:

«Հայաստանի կոնտեքստում արտահերթ ընտրությունը նշանակում է քաղաքական կառավարման ճգնաժամ։

Այդպիսի ճգնաժամ ես հիմա չեմ տեսնում։ Իհարկե չի բացառվում, հատկապես, եթե հաշվի առնենք Ալիևի այս վերջին սպառնալիքները, որը սպառնում է, որ  կոչնչացնի Հայաստանը, կամ ուժով կխլի «Զանգեզուրի միջանցքը»: Այս վիճակները հաշվի առնելով շատ լուրջ սպառնալիքներ են ստեղծված և ոչ ոք այսօր չի կարող երաշխիք տալ, որ  նման պատերազմական իրավիճակ չի լինի, որի պատճառով հետո ճգնաժամ չի առաջանա Հայաստանում և արտահերթ ընտրություններ անհրաժեշտություն կլինի, բայց առայժմ ես այդ ֆորսմաժորային զարգացումները, որոնք կբերեն արտահերթ ընտրությունների, չեմ տեսնում»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Նմանատիպ նյութեր