211652_close_icon
views-count6730 դիտում article-date 12:09 11-01-2025

Ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան-Ապարան հատվածում բախվել են «Chevrolet», «UAZ», «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, «MAN» և «Mitsubishi» մակնիշի բեռնատարները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի` օպերատիվ է գործել նաև «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները` գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ: 

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արսեն Մատինյանն ու Տիգրան Բարսեղյանը:
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ: 

Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: 
 
Ֆոտալրագրողի տեղեկություններով` վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մեկինը՝ միջին ծանրության, մեկն էլ՝ ծանր կայուն: 
 
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ վթարված «MAN»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի «Երևան Սիթի» ընկերությանը, մեկն էլ՝ ճանշինին: 

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ու վարորդները նշում էին, որ ճանապարհին եղել է մերկասառույց և միայն վթարից հետո է ճանապարհը սպասակող ճանշինը ժամանել ու սկսել աղ ու ավազով ճանապարհի մշակման աշխատանքներ կատարել:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր