211652_close_icon
views-count6829 դիտում article-date 19:40 21-12-2024

Երևանում թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների. վերջինները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա Հովհաննես Մ.-ն իր վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսով վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարողին ու ինքնագլորի վրա գտնվողին:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Երևանի բնակիչներ, 2 անչափահաս տղաներ՝ 16-ամյա Ավետ Վ.-ն և 16-ամյա Ալիկ Հ.-ն տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սերյոժա Լալայանն ու Սերգեյ Հարությունյանը:  

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
 
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր