211652_close_icon
views-count41751 դիտում article-date 15:41 17-11-2024

Արտակարգ իրավիճակ՝ Սյունիքի մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով 89 բեռնատար և 14 մարդատար ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել. վարորդներին օգնության են հասել փրկարարներն ու պարեկները, իսկ ճանշինը հօդս է ցնդել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 2 ժամից ավելի է՝ Աղվանի - Տաթև ավտոճանապարհին առկա մերկասառույցի պատճառով առաջացել է մոտ 3 կմ-անոց խցանում, ինչի պատճառով էլ երթևեկությունը երկկողմանի փակվել է։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և Գորիսի, ինչպես նաև Աղվանի հենակետի մարտական հաշվարկը՝ մոտ 10-ից ավելի փրկարարներով։

Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում է Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Դավիթ Մանուկյանի գլխավորությամբ։

Փրկարարներն ու պարեկները բահերով հող են լցնում մերկասառույց ճանապարհին, որպեսզի վարորդները կարողանան ազատ երթևեկել, իսկ մինչև այժմ Գորիսի ճանշինը չի բարեհաճել ժամանել նշված վայր և կատարել ճանապարհը մերկասառույցից մշակելու, աղ ու ավազ լցնելու աշխատանքներ։

Մերկասառույցի պատճառով 1 բեռնատար մասամբ կողաշրջվել է։ 

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Փրկարարներն ու պարեկները օգնություն են ցուցաբերել արգելափակման մեջ եղած 89 բեռնատար և 14 մարդատար ավտոմեքենաների։

Փրկարարների և պարեկների շնորհիվ ժամը 14:50-ի սահմաններում երթևեկությունը նշված հատվածում միակողմանի վերականգնվել է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր