211652_close_icon
views-count1051 դիտում article-date 23:45 04-11-2024

Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն

Նոյեմբերի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն:

Արարողությանը ներկա էր Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանների արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարներ Տեր և Տիկին Աշոտ և Լորա Թունյանները:
 
Արարողությունը բացվեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր ավագ քահանա Ավետիսյանը:
 
Մեծարյալների կյանքին, վաստակին ու գործունեությանն անդրադարձավ տիար Վարդան Օսկանյանը, ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը և շքանշանները:
 
Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որում ի մասնավորի ասվում է. «Այսօր առիթն ունենք բարձրորեն գնահատելու ազգային-եկեղեցական մեր կյանքում Ձեր գովելի վաստակը: Տարիներ շարունակ Դուք տարբեր հանձնառություններով աջակից եք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` համայն հայության հոգևոր կենտրոնի Տիրավանդ առաքելության մեջ: Հատկապես գովարժան է պատվարժան հայորդուդ վաստակը Մյանմայում Հայ Եկեղեցու իրավունքների պաշտպանության գործում:
 
․․․Առանձնակի գոհունակություն է Հայրապետիս համար անդրադառնալ, որ Դուք Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին ընծայաբերեցիք արևային և ջրատաքացուցիչ կայաններ և հոգացիք իրականացնելու դրանց տեղադրման աշխատանքները` կարևոր ծառայություն մատուցելով մեր Սուրբ Եկեղեցուն»:

Սրբատառ կոնդակի ընթերցումից հետո Վեհափառ Հայրապետը Հայ Եկեղեցու շքանշանով զարդարեց մեծարյալների կուրծքը:
 
Ապա երախտագիտության խոսք ասաց տիար Աշոտ Թունյանը` ընդգծելով, որ Հայ Եկեղեցու բարձրագույն պարգևն ընդունում է իբրև գնահատանք այն համեստ ծառայության, որն հանձն է առել իր ընտանիքը՝ ի նպաստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառության։ Տիար Թունյանը հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ շարունակելու է իր զորակցությունը բերել Հայրենիքին և Եկեղեցուն:
Հանդիսությունն ամփոփվեց Նորին Սրբության օրհնության խոսքով: Վեհափառ Հայրապետը վերստին անդրադարձավ Աշոտ Թունյանի հայրենասեր և եկեղեցանվեր ոգուն, ինչպես նաև Մայր Աթոռի նկատմամբ մշտական հոգածու վերաբերմունքին:
 
Իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բերելով Տեր և Տիկին Թունյան ամոլին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց, որ Բարին Աստված Իր օրհնության ներքո պահի Թունյան ընտանիքին՝ հաջողություններ պարգևելով նրանց բարի գործերին ու նախաձեռնություններին:

Նմանատիպ նյութեր