211652_close_icon
views-count1138 դիտում article-date 17:43 02-10-2024

ՀՀ նախագահը և Գերմանիայի դեսպանը կարևորել են մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ բանակցությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայրում ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:

«Սրտանց շնորհավորում եմ բարեկամ Գերմանիայի ազգային տոնի առթիվ և մաղթում եմ շարունակական զարգացում և բարգավաճում: Հայաստանն ու Գերմանիան ունեն բարեկամության և համագործակցության երկարամյա պատմություն՝ հիմնված քաղաքակրթական, կրոնական և մշակութային արժեքների վրա»,- նշել է Հանրապետության նախագահը:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ բարեմաղթանքների համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում համագործակցության բազմաշերտ օրակարգին նվիրված հարցեր:

Երկուստեք կարևորվել է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում և Եվրոպայում ընթացքող գլոբալ գործընթացների և զարգացումների վերաբերյալ:

Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև փոխգործակցության հետագա խթանման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շարունակականության ապահովումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր