211652_close_icon
views-count4807 դիտում article-date 11:03 29-09-2024

Հերթական քրեորեն պատժելի արարքը՝ Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում. մինչ տնօրենը «լապշա էր կախում», Արաբկիրի ոստիկանները պարզեցին որ 16-ամյա սովորողին դանակահարել է համակուրսեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 27-ին հերթական քրեորեն պատժելի դեպքն է տեղի ունեցել Երևանի Մամիկոնյանց փողոցում գործող «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում»։ Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի և անչափահասների գործերով բաժանմունքի պետի գլխավորությամբ։

Մինչ ոստիկանները արդեն քոլեջում պարզում էին դեպքի հանգամանքները, «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվում, որ «ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջից»։

Մինչ քոլեջում տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը փորձում էր ոստիկանների ականջներից «լապշա կախել», թե երեխան վազելիս է վնասվածք ստացել՝ պատահաբար դիպչելով սեղանի սուր ծայրին, Արաբկիրի ոստիկանները րոպեների ընթացքում պարզեցին, որ քոլեջում տեղի է ունեցել դանակահարություն և 16-ամյա սովորողին դանակահարել է նույն քոլեջի 16-ամյա սովորողը։

Ապա ոստիկանների կողմից բացատրական աշխատանքների շնորհիվ կասկածյալը, նշված քոլեջի անվտանգության աշխատակից 40-ամյա Մարիամ Իսրայելյանի հետ, ներկայացվում են ոստիկանության Արաբկիրի բաժին։

Դեպքի փաստով Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է , որ նշված քոլեջում դա առաջին դեպքը չէ, երբ նման միջադեպ է տեղի ունենում, իսկ տնօրինությունը՝ մեծն տնօրենի գլխավորությամբ, ոչ մի հետևություններ չի անում, որպեսզի կանխվեն նման դեպքերը Ինֆորմատիկայի պետական քոլեջում։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 12-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն էր տեղի ունեցել և կար դանակահարված երեխա:

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպեր գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը:

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Նուշիկ Վարդանյանն ու Թոռնիկ Ղուկասյանը:

Ոստիկանները նշված քոլեջի հարևանությամբ գտնվող թիվ 54 շենքի բակում հայտնաբերել էին արնանման հետքեր և կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի մասում նույնպես կային արնանման հետքեր:

Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ էր ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նշված վայրից իրենց մոտ տեղափոխված անչափահաս տղան գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում  «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ և բաժնի պետի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ տեղի էր ունեցել մի խումբ անձանց միջև վիճաբանություն, որի ժամանակ էլ երեխային դանակի մի քանի հարված էին հասցրել:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել էր նաև Արաբկիր վարչական շրջանի դատախազի տեղակալ Արմեն Բեգլարյանը:

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը 18-ամյա Ռաֆայել Հ.-ն է, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սովորում էր Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի 3-րդ կուրսում:

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր