211652_close_icon
views-count22973 դիտում article-date 16:09 14-09-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ հորդառատ անձրևի հետևանքով բազմաբնակարանային շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել է․ կա նոր փլուզման վտանգ․ օպերատիվ են գործել փրկարարները, «Գազպրոմ»-ի և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ սեպտեմբերի 15-ի երեկոյան տեղացած հորդառատ անձրևի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի 20/3 նախկին հանրակացարանային շենքի մի պատը մասամբ փլուզվել է, իսկ մի մասն էլ փոքր միջամտության դեպքում կփլուզվի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

 Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրական վտանգ ներկայացնող, կախված վիճակում գտնվող քարերը զգուշորեն հանել և իջեցրել են։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների Երևանի ԳԳՄ-ի վթարավերականգնողականի աշխատակիցները, ովքեր փլուզման հետևանքով վնասված գազախողովակը նորոգեցին և գազամատակարարումը վերականգնեցին։

Դեպքի վայրում հավաքված բնակիչները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին․ «Շենքի այս հատվածում նախկինում գտնվում էին զուգարանները և դեռ այն ժամանակից միշտ կոյուղատարերի ու ջրի խնդիր էր լինում։ Դեռ այն ժամանակներից ջուրը ներսից լցվել է պատերի արանքը, թուլացրել ու հիմա էլ անձրևը դրսից է թուլացրել և տեսնում են հետևանքը։ Հուսով ենք, որ Երևանի քաղաքապետարանն ու Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը ամրակայման աշխտանանքներ կսկսեն, հակառակ դեպքում շենքի այս հատվածը ամբողջությամբ կփլուզվի»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր