211652_close_icon
views-count33437 դիտում article-date 19:46 08-09-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Nissan Murano»-ն և «Kia Forte»-ն. վերջինը բախվել է քարե և ցանցե պարսպին. կա 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:40-ի սահմաններում Արցախի պողոտա - Էրեբունի փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Murano» և «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նվեր Մուրադյանն ու Մարիամ Պողոսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Kia Forte»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գոտում և բախվել քարե ու ցանցե պարսպին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր