211652_close_icon
views-count56707 դիտում article-date 12:56 27-07-2024

Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց 7-ամյա տղայի մահվան պատճառ դարձած կասկածյալը վթարից հետո փախել է Վրաստան. նրա «BMW X3»-ում հայտնաբերվել է թմրամիջոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երեկ՝ հուլիսի 26-ին, Լոռու մարզում ողբերգական ավտովթարի մասնակից «BMW X3» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը, երբ «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխվելիս է եղել, դիմել է փախուստի և լքել է ՀՀ պետական սահմանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են և նա կարճ ժամանակում է հասցրել լքել ՀՀ սահմանը, իսկ նրա կողմից վարած ավտոմեքենայում՝ առջևի նստատեղի աջ կողային հատվածում, հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված:

Նրա հետ վթարի պահին եղել է Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Անդրանիկ Ավագյանը, ում ոստիկանները տեղափոխել էին ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղ էլ նա հայտնել է, որ մեքենայի սրահում գտնվող թմրանյութի նմանվող զանգվածը պատկանում է իրեն և պահել է իր մոտ՝ հետագայում օգտագործելու նպատակով:

Թմրանյութի հայտնաբերման փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք Ա. Ավագյանի հետ  ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «BMW X3»-ի վարորդը վարսավիր է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր հուլիսի 26-ին, դաժան ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Ջաջուռի ոլորաններում, բախվել էին Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Նապոլեոն Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Ն․ Մկրտչյանը, վերջինիս ուղևոր 31-ամյա Նազենի Շմոյանը տեղում մահացել էին, իսկ 1 հոգի՝ Լոռու մարզի բնակիչ 7-ամյա Դավիթ Մ․-ն, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր Գյումրու «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության  Շիրակի մարզային փրկարարական վարչության Ախուրյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյանի,  դասակի հրամանատարի տեղակալ Արման Սուքիասյանի, նույն վաշտի 1-ին դասակի հրամանատարի տեղակալ Աղասի Առաքելյանի, 5-րդ դասակի հրամանատարի տեղակալ Արման Մաթևոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի ավագ պարեկ Հարություն Գևորգյանն ու Ռուբիկ Կոստանյանը։

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն ու ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Մինո Մխիթարյանը։

Դեպքի վայր էր ժամանել նաև Շիրակի մարզի դատախազը։

Դեպքի մասին ոստիկանության Ախուրյանի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քնիչ Մամիկոն Մքոյանի գլխավորությամբ։

Վիրավորին հիվանդանոց էր ուղեկցել 2-րդ դասակի հրամանատար Հարութ Հարությունյանը։ 

Դեպքի վայրում աշխաատել էր նաև փորձաքրեագետը։

Մինչ քննչական խումբը աշխատում էր դեպքի վայրում, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել ոստիկանության Ախուրյանի բաժին, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին, որ մահացածները ամուսիններ են, երեխան էլ նրանց տղան էր, իսկ «BMW X3»-ի վարորդը դեպքի վայրում տարօրինակ վարքագիծ էր ցուցաբերել և դա նկատել էին պարեկները ու նրան բռնել էին, ապա փորձել էին տեղափոխել ոստիկանության Ախուրյանի բաժին, սակայն նա հայտնել էր, որ իրեն վատ է զգում, ինչից հետո պարեկները նրան ուղեկցել էին շտապօգնության ավտոմեքենա, բժիշկները նրան փորձել էին տեղափոխել հիվանդանոց, սակայն նա ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի դուռը բացել և դիմել էր փախուստի։

Վթարի փաստվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «BMW X3»-ի վարորդի հետ ևս մեկ հոգի էր եղել, ով տեղում ոստիկանության Ախուրյանի բաժին ծառայողների կողմից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել էր։

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ ունեին, որ «BMW X3»-ի մեջ կա թմրանյութ։

Գ․ Շամշյանը հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «BMW X3»-ի վարորդը, ով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ստեղծել վթարային իրավիճակ, ապա բախվել «Honda Fit»-ին։ «BMW X3»-ը մասամբ հայտնվել էր ճանապարհի մեջտեղում, իսկ «Honda Fit»-ը գլխիվայր շրջվել էր։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 174+
174+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր