211652_close_icon
views-count964 դիտում article-date 19:20 26-06-2024

Մենք կարևորում ենք Իտալիայի հետ վստահության վրա հիմնված կայուն համագործակցությունը․ Աննա Վարդապետյանը՝ Իտալիայի զինվորական գլխավոր դատախազին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Իտալիայի զինվորական գլխավոր դատախազ Մաուրիցիո Բլոկի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, այլք:

Աննա Վարդապետյանը ողջունել է Իտալիայից ժամանած գործընկերներին, շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ ՀՀ դատախազությունը շարունակական քայլեր է ձեռնարկում միջազգային-իրավական համագործակցության զարգացման և այդ նպատակով օտարերկրյա գործընկերների հետ փոխգործակցության ուղիներն ընդլայնելու հարցում:

«Այս առումով մենք կարևորում ենք Իտալիայի հետ վստահության վրա հիմնված կայուն համագործակցությունը, և մեր ջանքերն ուղղված են հատկապես անդրազգային հանցավորության դեմ պայքարում փոխգործակցության խորացմանը»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը՝ հավելելով, որ Մաուրիցիո Բլոկի և նրա ղեկավարած պատվիրակության այցը վերջին երկու տարիների ընթացքում Իտալիայի դատախազության բարձրաստիճան ներկայացուցիչների թվով երրորդ այցն է Հայաստան:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են երկու երկրների դատախազական համակարգերի կառուցվածքներին, լիազորությունների շրջանակին, ընթացող բարեփոխումներին և քրեական արդարադատության ոլորտում դատախազությունների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր