211652_close_icon
views-count48952 դիտում article-date 20:31 25-06-2024

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում․ Խանջյան գյուղում բախվել են «Mercedes»-ն ու «Вилис»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Խանջյան գյուղի վարչական տարածքում, բախվել են «Mercedes» և «Вилис» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Вилис»-ը գլխիվայր շրջվել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վթարված «Mercedes»-ի վարորդն ու օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Լիտվին Գևորգյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ջեմմա Երանոսյանն ու Սասուն Արշակյանը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանն ու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Խումար Մկրտումյանը։

Վթարի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր