211652_close_icon
views-count853 դիտում article-date 19:00 27-05-2024

Գևորգ Պապոյանը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի առևտրաշրջանառության ծավալների աճը

Մայիսի 27-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի զարգացման ընկերակցության (LEG Thüringen) տնօրեն Շտեֆան Բլեխշմիդտի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Գերմանիայի Տնտեսության արևելյան բիզնես հանձնաժողովի (Ost-Ausschuss) աջակցությամբ հանդիպմանը ներկա էին գերմանական ընկերությունների ներկայացուցիչներ։

Նախարարը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի առևտրաշրջանառության ծավալների աճը՝ նշելով, որ պետք է օգտագործվի առկա ողջ ներուժը:

«Գոհունակությամբ կուզեի նշել վերջին ժամանակահատվածում պաշտոնական պատվիրակությունների և գործարար հատվածների ներկայացուցիչների փոխադարձ այցերի ակտիվացումը և ակտիվ փոխգործակցությունը տնտեսության տարբեր ոլորտներում։

Կարող եմ փաստել, որ երկու երկրների միջև համագործակցությունը մի շարք ոլորտներում արդեն իսկ հիմնված է բարձր որակի վրա, որը լավ հիմք է տնտեսական համագործակցության հետագա խորացման համար»,- նշել է նախարարը:

Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, երկրում ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաև ընկերություններին տրամադրվող աջակցության գործիքակազմը։

Քննարկվել են համագործակցության հնարավոր ճյուղերն ու հայ-գերմանական բիզնես ֆորում անցկացնելու հնարավորությունը։ Նախարարը գերմանական ընկերություններին առաջարկել է դիտարկել Հայաստանում իրենց բիզնեսը սկսելու հնարավորությունը:
Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխան ձևաչափով։

Ներկայացվել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրականացմամբ նախատեսվող հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր