211652_close_icon
views-count865 դիտում article-date 18:53 23-05-2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին:

Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է նրան ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի կարևոր առաքելությունը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ ԵԽ-ՀՀ համագործակցությունը շարունակելու է ընդլայնվել:

Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է.

«Շնորհակալություն եմ հայտնում նաև այն աջակցության համար, որ տրամադրել եք մեր երկրին: Իրականում Եվրոպայի խորհրդի գրասենյակի գործունեությունը մեծ դեր է ունեցել մեր կյանքում՝ հատկապես ժողովրդավարական ինստիտուտների կայացման տեսանկյունից: Ես վստահ եմ, որ այդ աշխատանքը շարունակական է լինելու և այն փորձը, որ ունեն Եվրոպայի խորհուրդը և իր կառույցները, բավական մեծ է: Եվրախորհրդի և Հայաստանի միջև իրականացվող այդ փորձի փոխանակումը շատ կարևոր է մեզ համար և գնահատելի: Այս առումով առանձնահատուկ կցանկանայի շեշտել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներում Եվրախորհրդի աջակցության կարևորությունը»:

Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ասել է.

«Պարոն նախագահ, ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում՝ որպես Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար, ինչպես նաև ներկայացնել գլխավոր քարտուղարին: Հայաստանը երկիր է, որին հետևել եմ բավական երկար ժամանակ իմ նախորդ պաշտոնավարումների շրջանում, երկիր է որտեղ ապրել եմ և շարունակական ջանքերն եմ ներդնելու մեր համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրախորհրդի և Հայաստանի միջև բազմաշերտ համագործակցության մի շարք օրակարգային հարցեր: Ընդգծվել է մասնավորապես արդարադատության, մարդու իրավունքների, ռազմական, առողջապահական և այլ ոլորտներում վերջին տարիներին մեկնարկած համակարգային ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացման կարևորությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ժողովրդավարական ինստիտուտների կայացման, քաղաքացիական հասարակության զարգացման, հակակոռուպցիոն ռազմավարության կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքներին և անհրաժեշտ քայլերին:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել ջանքերի համատեղմամբ նպաստել երկրի կյանքի տարբեր ոլորտներում ժողովրդավարական արժեքներ սերմանելուն և դրանք ամրապնդելուն: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը սկզբունքային մոտեցում ունի ժողովրդավարության հիմնարար գաղափարների և նորմերի արմատավորման հարցում և անշեղորեն շարժվում է այդ ուղիով:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը վստահեցրել է, որ հնարավորությունների սահմաններում պատրաստ է աջակցել Եվրախորհրդի Հայաստանյան գրասենյակի գործունեությանն ու նախաձեռնություններին:

Նմանատիպ նյութեր