211652_close_icon
views-count1093 դիտում article-date 20:11 21-05-2024

Կայացել է «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծին նվիրված բազմաշահառու քննարկում

Մայիսի 18-19-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծին նվիրված քննարկում, որին մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Քննարկումը բազմաշահառու էր. մասնակցում էին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Ազգային ժողովի, ԱՄՆ դեսպանատան, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, նախարարությունների, պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ։

Անդրադառնալով ՆԳ նախարարության ձևավորմամբ՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումների ուղղությամբ նպատակադրումներին ու ինստիտուցիոնալ փոփոխություններին՝ Արփինե Սարգսյանն առանձնացրել է մեկ ծառայության ներքո ֆունկցիոնալ բազայի ձևավորման գործընթացը, ինչը հնարավորություն կտա մեկ կետից իրականացնել միգրացիոն ամբողջ շղթայի կառավարում ու քաղաքականության մշակում, ապահովել տրամաբանական լուծումներ՝ տարբեր խումբ հարցերի կարգավորման շրջանակում։

«Կարևորում եմ հատկապես այն բաղադրիչը, որ մենք ցանկանում ենք հավասարապես կատարելագործել օրենսդրական և գործառնական դաշտը թե՛ օտարերկրացիների, թե՛ ՀՀ քաղաքացիների մասով, նաև քաղաքացիություն չունեցող անձանց մասով և ստորադասել մի ոլորտը մյուսին, բնականաբար, չենք պատրաստվում: Հետևապես մեր փոփոխությունները միտված են երեք բլոկներով հավասարազոր կարգավորումներ նախատեսելուն, որն այս երեք թևերը կհավասարակշռի, և փոխլրացնող էֆեկտով կկարողանանք գործնականում տարբեր լուծումներ կյանքի կոչել»,-նշել է Արփինե Սարգսյանը։

Փոխնախարարն ընդգծել է հատկապես քաղաքացիություն ունեցող անձանց համար օրենսդրության կատարելագործման, վարչարարության թվայնացման աշխատանքների անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձանց թիվը զրոյացնելու՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանձնառությանը՝ փոխնախարարը նշել է, որ դա ոչ այնքան առաջնային մակարդակում միջազգային պարտավորության կատարում է, այլև մարդու իրավունքների պաշտպանությանը միտված խնդիրների հավաքագրում և լուծումների նախանշում։

Նա շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին ու «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությանը՝ համագործակցության և արդյունավետ աշխատանքի համար։

«Փախստականների գլոբալ ֆորումի շրջանակներում մենք մի շարք հանձնառություններ ենք ստանձնել փախստականության ոլորտում: Ունեինք նաև փախստականների բնակարանային ապահովության ծրագիր, որը, ըստ էության, մինչև այս տարվա ավարտ իր ամբողջական տեսքը կստանա, և մենք այդ հանձնառությունը ևս կհամարենք կատարված: Բայց ունեինք նաև քաղաքացիություն չունեցող անձանց մասով հանձնառություններ»,-նշել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Արմեն Ղազարյանը ներկայացնելով այդ ուղղությանբ Հայաստանի պարտավորությունները՝ նշել է, որ քաղաքացիություն չունեցող անձանց օրենսդրական հիմքի ապահովման հանձնառությունն արդեն իրագործման ճանապարհին է, ինչը թույլ կտա ունենալ հստակ վարչարարություն և սահմանել քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակը։

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գործառնությունների գծով ավագ պաշտոնյա Խալիդ Հալիմն իր ելույթում բարձր է գնահատել ապաքաղաքացիության կրճատման ուղղությամբ Հայաստանի կառավարության ներդրած ջանքերը: Նա նշել է, որ քաղաքացիություն չունեցող անձանց մասին համապարփակ օրենսդրության ընդունման նախաձեռնությունը կարևոր նշաձող է, ինչն ընդգծում է այդ անձանց բացահայտման և պաշտպանության հարցում ամուր իրավական հիմքի ու կարգավորումների կարևորագույն նշանակությունը։

«Վերահաստատում եմ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության աջակցությունն այս կարևոր նախաձեռնությանը: Այս ձեռքբերումը առաջընթաց կլինի ոչ միայն Հայաստանի համար, այլև միջազգային հանրության հավաքական ջանքերի առումով կարևոր ներդրում կունենա ապաքաղաքացիության վերացման գործողությունների գլոբալ ծրագրի իրականացման հարցում:

Յուրաքանչյուր նման ձեռքբերում հույսի հերթական փարոսն է՝ ապաքաղաքացիության երևույթին վերջ դնելուն ուղղված՝ «Ես պատկանում եմ» արշավի նպատակներին»,-ասել է ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի գործառնությունների գծով ավագ պաշտոնյա Խալիդ Հալիմը:

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության փոխնախագահ Ալլա Հարությունյանն իր խոսքում ընդգծել է ներառական կազմով հանդիպման կարևորությունը՝ բարձր գնահատելով օրինագծի մշակման ուղղությամբ բազմակողմ ջանքերը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Մարիամ Գևորգյանը ներկայացրել է «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագիծը։ Նա անդրադարձել է քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակին, նրանց հարցերով զբաղվող մարմինների գործառույթներին, արդի մարտահրավերներին ու խնդիրների լուծման ուղիներին։ Մարիամ Գևորգյանը ներկայացրել է օրինագծի կարգավորման առարկան և նպատակը, քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը որոշելու ընթացակարգն ու նրանց հիմնական իրավունքներն ու պարտականությունները։

«Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։

Ամփոփելով մասնակիցների առաջարկությունները՝ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկումների և ակտիվ մասնակցության համար։

Նմանօրինակ քննարկումները շարունակական են։

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» ծրագրի շրջանակում։

Նմանատիպ նյութեր