211652_close_icon
views-count907 դիտում article-date 08:57 19-04-2024

Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2024թ․, հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, այսօր դպրոց է կառուցվում»: Ժողովուրդ օրաթերթը արձանագրեց, որ իրականում Հայաստանում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում։

Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի, Վանաձոր ք. Թևոսյան փողոց 7 դպրոց հասցեում գտնվող 3 059.82 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.49382 հեկտար մակերեսով հողամասը օտարել։ Հիմնավորման մեջ նշվում է, որ գույքը նախկինում օգտագործվել է որպես դպրոց, սակայն 2-3 տարի է, ինչ չի շահագործվում։

24 08 2023թ․, կառավարությունը որոշում կայացրեց փակել «Գուգարքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը և միացնել «Գուգարքի հիմնական դպրոց»-ին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Գուգարքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ն իր առաքելությունը լիարժեք չի իրականացնում: ՊՈԱԿ-ի հզորությունը նախատեսված է շուրջ 460 սովորողի համար, սակայն սովորում է 23 աշակերտ. տարեցտարի դպրոցում գրանցվել է սովորողների թվի նվազում է (2015-2016 ուստարում դպրոցն ունեցել է 107 աշակերտ, 2019-2020 ուստարում՝ 38 աշակերտ, 2022-2023 ուստարում՝ 23):

10․01․2024թ․, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Ենոքյանը ֆեյսբուքյան էջում գրեց․ «2023 թվականի սեպտեմբերի 11-ի N 1790-Ա/2 հրամանով, այսպես կոչված «Հայաստանի Հանրապետության կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի» համաձայն Շիրակի մարզում փակվելու են 40 ավելի դպրոցներ, որոնցից մի քանիսը գտնվում են սահմանամերձ գյուղերում»։

20․01․2024թ․, 168.am-ի խմբագրությանն էր դիմել Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Մեղրաշատ գյուղի բնակչուհի Ռուզաննա Սամվելյանը՝ ահազանգելով, որ Կառավարությունը որոշել է փակել իրենց գյուղի դպրոցը և միավորել հարևան գյուղի դպրոցի հետ։ Ընդ որում, երեք գյուղերի՝ Մեղրաշատի, Բյուրակնի ու Ողջիի դպրոցները:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր