211652_close_icon
views-count979 դիտում article-date 14:23 15-04-2024

Իրանի հարձակումը գրեթե լիակատար ձախողում էր. Իսրայելին կոչ ենք անում գլխով մտածել ու չպատասխանել. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը Իսրայելին կոչ է արել հակահարված չտալ Իրանի անօդաչուներով և հրթիռներով հարձակումից հետո՝ ասելով, որ Իսրայելը պետք է «մտածի գլխով և սրտով», քանի որ Թեհրանի հարվածը գրեթե լիակատար ձախողում էր: Այս մասին գրում է Reuters-ը:

Շաբաթ գիշերն Իրանից ավելի քան 300 հրթիռի և անօդաչու թռչող սարքի կիրառմամբ հարվածը չափավոր վնաս է հասցրել Իսրայելին, քանի որ մեծ մասը խոցվել է երկրի «Երկաթե գմբեթ» պաշտպանական համակարգի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի,Հորդանանի օգնությամբ: Դա տեղի է ունեցել ապրիլի 1-ին Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի ավիահարվածին ի պատասխան:

«Կարծում եմ՝ Իսրայելը միանգամայն արդարացված մտածում է, որ պետք է պատասխանի, քանի որ իրենց վրա հարձակվել են, բայց որպես ընկեր՝ կոչ ենք անում նրանց մտածել գլխով և սրտով, լինել խելացի, բայցև կոշտ», - ասել է Քեմերոնը BBC հեռուստաընկերությանը:

Նա ասել է, որ կոչ է անում Իսրայելին չսրել լարվածությունը Մերձավոր Արևելքում։

«Շատ առումներով սա կրկնակի պարտություն էր Իրանի համար: Հարձակումը գրեթե լիակատար ձախողում էր, և նրանք աշխարհին ցույց տվեցին, որ իրենք տարածաշրջանի չար ազդեցությունն են: Այսպիսով, մեր հույսն այն է, որ պատասխան չի լինի»,- ասել է նա Sky News-ին։

Քեմերոնն ասել է, որ Բրիտանիան կաշխատի դաշնակիցների հետ՝ Իրանի դեմ ավելի շատ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ: Նա հորդորել է Իսրայելին ուշադրությունը կենտրոնացնել Գազայի պատերազմում Իրանի կողմից աջակցվող ՀԱՄԱՍ-ի հետ զինադադարի համաձայնեցմանը:

Իրանը շաբաթ գիշերն իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում ասել է, որ Իրանի հարձակnւմն անհաջող էր և որ դա Իսրայելի համար հաղթանակ էր:

Մինչդեռ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի:

«Հետևելով մեր երկրի զինված ուժերի պատմական, հզոր և հաղթական գործողությանը՝ ապրիլի 13-ի ռազմական հարձակմանը, որը ծրագրվել և իրականացվել է ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության նպատակների և շահերի դեմ սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, երկրի բոլոր պաշտպանական և քաղաքական հատվածների հետ համագործակցությամբ և համակարգմամբ, երեկ երեկոյան նոր էջ է բացել Իրանի հեղինակության պատմության մեջ և դաս տվել սիոնիստ թշնամուն», - ասել է Իրանի նախագահը:

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, մեկնաբանելով Իրանի գիշերային հարձակումն Իսրայելի վրա, հայտարարել է, որ իրենք այս գործողությունը դիտարկում են որպես արդյունք և իրենց տեսանկյունից այն ավարտվել է, այն շարունակելու մտադրություն չկա:

«Բայց եթե սիոնիստական ռեժիմը որևէ քայլ ձեռնարկի նաև մեր դեմ, մեր հողի վրա կամ Սիրիայում կամ այլ երկրում մեզ պատկանող օբյեկտներում, մեր հաջորդ գործողությունն ավելի մեծ կլինի», - նախազգուշացրել է Բաղերին:

Նմանատիպ նյութեր