211652_close_icon
views-count127513 դիտում article-date 10:42 11-04-2024

Երևանի ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցները ավազի մեջ հայտնաբերել են «Porsche Cayenne»-ը, որով երեկ հափշտակել էին 36 կգ ոսկի, 293 մլն ռուբլի, իսկ «Տիրացու Զավեն» մականվամբ Մալաթիայի ոստիկանապետը «ուղտի ականջում քնած է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության հետ, հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Արմավիրի  մարզում հայտնաբերել են ավազի մեջ կիսաթաղված վիճակում գտնվող «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ունեն հիմնավոր կասկածներ, որ նշված ավտոմեքենայով են կատարել երեկ Երևան-Արմավիր ավտոճանապարհի մայրաքաղաքային փողոցում 4 հոգով դիմակավորված ու զինված ավազակային հարձակումը, որի ժամանակ հափշտակել էին 36 կգ ոստի և 293 միլիոն ՌԴ ռուբլի, ապա նշված «Porsche Cayenne»-ով դիմել էին փախուստի:

Այն, որ ավտոմեքենան հայտնաբերվել  է ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ու ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից, դա անհերքելի ապացույց է, քանի որ նշված 3 կառույցն աշխատել են գերլարված ու որն էլ տվել է իր արդյունքը, մինչդեռ ոստիկանության Մալաթիայի բաժնում բաժնի պետ Հարություն Դանիելյանը, ում արդեն կոչում են «Տիրացու Զավեն» մականվամբ, ուղտի ականջում քնած է եղել, իսկ նրա ղեկավարած բաժնում, կարելի է ասել, աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը:

Մալաթիայի վարչական տարածքում բազմաթիվ հացագործություններ են տեղի ունեցել, այդ թվում՝ բնակարանների գողություններ, խանութների գողություններ, ավտոմեքենաների գողության ու թալանման դեպքեր և այլ հանցատեսակներ, սակայն դեպքերի հիմնական մասը մնում է չբացահայտված ու դրա մեղավորը առաջին հերթին հենց տարածքի ոստիկանապետ «Տիրացու Զավեն»-ն է, մինչդեռ նախկինում Մալաթիան այնպիսի հզոր բաժնի պետեր է ունեցել, որ ոչ միայն բացահայտվում էին հանցագործությունները, այլ նաև կանխվում ու նախականխվում:

Երեկվա ավազակային հարձակման դեպքն էլ եթե բացահայտվի, դա շնորհվիվ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության, ոստիկանութան Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչների, մարդիկ թող իրենց հույսը չդնեն «Տիրացու Զավենի» ու նրա ղեկավարած բաժնի վրա ու առաջնորդվեն «եղունգ ունես՝ գլուխդ քորիր» սկզբունքով:
 
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 10-ին առանձնապես խոշոր չափի ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը:

Ժամանել էին նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Հարություն Դանիելյանն ու ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժնի պետ Սերգև Մանուկյանը:

Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքաելյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել էին տարածքը:

Տեղում 2 քաղաքացի, ովքեր եղել էին «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով, ոստիկաններին հայտնել էին, որ իրենց ավտոմեքենան դիմակավորված ու ատրճանակներով զինված 4 հոգի կանգնեցրել են, որից հետո իրեց ձեռնաշղթաներ են հագցրել ու իրենց նկատմամբ ավազակային հարձակում են կատարել , ավտոմեքենայի միջից հափշտակել են 36 կգ ոսկյա զարդեր և մոտ 293 միլիոն ՌԴ ռուբլի, ասում էին նաև, որ հափշտակել են 6 միլիոն դոլար:

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և ավագ քննիչներ Հայկ Համբարձումյանի, Դավիթ Աթաբեկյանի գլխավորությամբ:  

Ժամանել էին նաև փորձաքրեագետները:

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «ավազակայն հարձակում» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ:  

Ոստիկաններն ու քննիչներն ունեին նաև վարկած, որ հնարավոր է՝ այս ամենը բեմականացված է և իրականության հետ աղերս չունի:

Ինչպես տեղեկացել էինք ՀՀ Քննչական կոմիտեից, 

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Արմավիրի մարզում տեղի ունեցած՝ առերևույթ զինված հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի հանգամանքները։ 

2024 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 07:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իր ազգականների վրա տեղի է ունեցել զինված հարձակում և նրանց թալանել են։

Ահազանգից անմիջապես հետո Արմավիրի մարզի Փարաքար համայնք տանող ճանապարհին հայտնաբերվել է «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենա, իսկ մայթեզրին գտնվել են 3 անձ, որոնց ձեռքերին ամրակցված են եղել ձեռնաշղթաներ։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ։

Նախաքննության շրջանակերում նախնական, դեռևս քննությամբ ստուգման ենթակա տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ապրիլի 10-ին՝ ժամը 07:10-ի սահմաններում դիմակավորված, ատրճանակներով զինված առնվազն 4 անձ ավտոմեքենայով կանգնեցրել են  վերը նշված 3 անձանցից մեկի վարած «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան, վարորդին ու 2 ուղևորներին բռնություն գործադրելով իջեցրել ավտոմեքենայից, պառկեցրել գետնին ու ձեռնաշղթաներ հագցրել։
Այնուհետև, արցունքաբեր գազ կիրառելով՝ երեքին էլ նստեցրել են ավտոմեքենան, հափշտակել բեռնախցիկում գտնվող ճամպրուկների և  պայուսակների մեջ  եղած մոտ 1 միլիարդ 24 միլիոն ՀՀ դրամ գումարին համարժեք, շուրջ 36 կիլոգրամ ոսկյա երեք ձուլակտորներ, մոտ 1 միլիարդ 216 միլիոն ՀՀ դրամին համարժեք 293 միլիոն ռուբլի գումարը և դիմել փախուստի: 

Հիշյալ 3 անձինք ճանաչվել են տուժող։

Դեպքի վայրի զննության ընթացքում  հայտնաբերվել է տեսանկարահանող սարք, որի տեսագրությունների կրիչն առգրավվել է, վերցվել են նաև նշված անձանց ամրացված ձեռնաշղթաները:

Նշանակվել է համապատասխան փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են քննչական, վարութային, օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքներն ու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու նպատակով։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 282+
282+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր