211652_close_icon
views-count592 դիտում article-date 08:22 11-04-2024

Այդ «բնապահպաններին» բացառապես այլ հարցեր են հետաքրքրո՞ւմ. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչ գարունը բացվել է, բավական ակտիվ քննարկվում է այն հարցը, որ մայրաքաղաքում ծառեր են կտրվում: Քաղաքապետարանն ասում է, թե խոսքը ոչ թե ուղղակի ծառահատման մասին է, այլ գործ ունենք ծառերի փոխարինման ծրագրի հետ, այսինքն, կենսունակությունը կորցրած կամ կորցնելու շեմին գտնվող ծառերը փոխարինվում են նոր ծառերով: Այդուամենայնիվ, այս հանգամանքը որոշակի դժգոհություն է առաջ բերել, ավելին՝ օրեր առաջ քաղաքապետարանի առջև նույնիսկ բողոքի ակցիա իրականացվեց: Թե որքանով է արդարացված ծառերի փոխարինման ծրագիրը, մասնագիտական հարց է: Սակայն այս պարագայում աչքի զարնեց այն հանգամանքը, որ թեմայի մասին ծպտում անգամ չհանեցին բնապահպանական որոշ շրջանակներ, որոնք այդքան ակտիվ պայքարում են, օրինակ՝ Հայաստանի հանքարդյունաբերության դեմ:

Ենթադրվում է, որ անաչառ բնապահպանը մշտապես պետք է տարբերակում չդնի բնության պահպանությանն առնչվող թեմաների մեջ: Սակայն ստացվում է, որ առանձին բնապահպաններ տոտալ պայաքար են մղում Հայաստանի տնտեսության ողնաշարը հանդիսացող հանքարդյունաբերության, ի մասնավորի՝ մեր երկրի խոշորագույն հարկատու, խոշոր հարկատուների ցուցակի երկարամյա առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ: Ընդ որում՝ այն պայմաններում, որ Ադրբեջանը, նպատակ ունենալով վնասել Հայաստանի տնտեսությանը, թե՛ տեղեկատվական հարթակներում, թե՛ միջազգային տարբեր միջոցառումների ժամանակ հարձակումներ է գործում մեր հանքարդյունաբերության վրա:

Ավելին, նրանք հաճախ սիրով հղում են տալիս հայաստանյան նշյալ բնապահպաններին: Այսինքն, ըստ էության, վերջիններս ջուր են լցնում թշնամու ջրաղացին, սակայն ձայն չեն հանում օրվա իշխանությունների կողմից ծառահատման թեմայի մասին: Ընդ որում, էական չէ, թե ինչպիսի կարծիք կարող են հայտնել, գուցե և գովեն: Բայց, ինչպես երևում է, նրանց բացառապես այլ հարցեր են հետաքրքրում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր