211652_close_icon
views-count38857 դիտում article-date 16:24 07-04-2024

Երևանի գնդի պարեկների ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր. Հրազդանի կիրճում հայտնաբերվել է արյունոտված իրանցի տղամարդը, ով Mercedes GL450 ավտոմեքենայում վիճաբանել է կնոջ հետ ու միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Անդրանիկ Մարգարյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Հովհաննիսյանը օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Հրազդանի կիրճում Mercedes GL459 մակնիշի ավտոմեքենայի մեջ արյունոտված վիճակում քաղաքացի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները կարճ ժամանակում պարզում են, թե Հրազդանի կիրճի որ հատվածում է գտնվում Mercedes-ը ու այն հայտնաբերում են։

Որոշ ժամանակ անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին, և հայտնում են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ 103 շտապօգնության 017 խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Հիվանդանոց է մեկնում Ոստիկանության Մալաթիայի բաժնի խումբը՝ անչափահասների գործերով տեսուչի գլխավորությամբ։

Արդեն տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է հետազոտման փուլում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, սակայն մինչ նրան կհետազոտեին, նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է Հրազդանի կիրճում ավտոմեքենայից վայր ընկնելու հետևանքով։

Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ, 38-ամյա Տաթևիկ Ն.-ն է։

Իսկ արդեն ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետի, և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ կարճ ժամանակում պարզել են, որ ժամը 03:00-ից 04:00 ընկած ժամանակահատվածում Տաթևիկ Ն.-ն եղել է Երևանի բնակիչ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 47-ամյա Դավիթ Ի-ի կողմից շահագործվող Mercedes GL450 մակնիշի ավտոմեքենայում։

Արդեն ավտոմեքենայում վիճաբանություն է առաջացել նրանց միջև, որի ժամանակ Դավիթ Ի.-ն հարվածել է Տաթևիկ Ն-ին, ապա վերջինս ավտոմեքենայում մի քանի անգամ հարվածել է Դավիթ Ի.-ի դեմքին, կրծքավանդակին, իսկ հետո ավտոմեքենայի դուռը բացել ու դուրս է եկել։ 2-ն էլ ստացել են մարմնական վնասվածքներ։

Իսկ երբ պարեկ Ա. Մարգարյանն ու կրտսեր պարեկ Հ. Հովհաննիսյանը նկատել են Դավիթ Ի.-ին, նա փորձել է արդարանալ, թե ոչինչ չի եղել՝ «ես չեմ տուժել», սակայն դեմքին ու հագուստին արնանաման հետքեր են եղել։

Դավթի Ի.-ն տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տաթևիկ Ն.-ն և Դավիթ Ի.-ն հայտնել են, որ իրենք ամուսիններ են։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր