211652_close_icon
views-count1135 դիտում article-date 20:37 28-03-2024

Մեկնարկել է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը. նորատիպ գրքերի նվիրատվություն, հեքիաթապատումներ, մշակութային ծրագիր

Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեղինակային նախագիծը մեկնարկել է:

Ծրագրի մեկնարկը և պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել մարտի 27-ին ՀՀ Լոռու մարզի Սպիտակի քաղաքային գրադարանում՝ «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» խորագրի ներքո:

Պաշտոնական բացմանը ներկա էին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Հայաստանի ազգային գրադարանային ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանը, համայնքապետարանի ու քաղաքի մշակութային կառույցների ներկայացուցիչներ, գրադարանների աշխատակիցներ, արվեստագետներ, մշակութային գործիչներ, գրադարանի տարբեր տարիքի ընթերցողներ ու դպրոցահասակ երեխաներ:

Ողջունելով ներկաներին՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը ներկայացրել է Եվրոպայի Խորհրդի կողմից մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» խորագիրը կրող գրադարանի հեղինակային նախագիծը, մարզերում դրա իրականացման կարևորությունը, ծրագրում ներառված միջոցառումների ընթացքն ու ձևաչափերը:

«Հայաստանի ներկայացրած նախագիծը 120 հայտերից մեկն էր, որը հաղթահարել է Եվրոպայի Խորհրդի դրամաշնորհային ծրագրի մրցութային փուլը: Այս ցանկում էին նաև Իտալիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Լիտվայի, Անգլիայի ներկայացրած նախագծերը: Որպես արդյունք՝ ծրագիրը իրականացնում ենք Սպիտակի քաղաքային գրադարանում և Աչաջուրի մշակույթի տանը: Մասնավորաբար՝ այսօր նորատիպ գրքերով հագեցած ընթերցանության անկյուններ կբացենք այս գրադարանում, ծրագրի ընթացքում կիրականացվեն վարպետության դասեր, կանցկացվեն գրքերի քննարկումներ, ընթերցումներ: Գրադարանի դպրոցահասակ ընթերցողները հնարավորություն կունենան մասնակցելու նկարչական վարպետության դասերի:

Այնուհետև մեր շնորհալի երեխաները իրենց ստեղծագործություններով կմասնակցեն նկարազարդման մրցույթի: Այս ծրագիրը նաև հրաշալի հնարավորություն է տարբեր տարիքի երեխաների համար բացահայտելու այլ երկրների գրական ժառանգությունն ու մշակութային շերտերը»,- նշել է Ռուզան Տոնոյանը:

Սպիտակի քաղաքային գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը ողջունել է ներկաներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ և ընդգծել՝ մարզերում ծրագրի իրականացման կարևորությանը: Գրադարանի տնօրենը շնորհակալություն է հայտնել Սպիտակի գրադարանում ծրագրի իրականացման, նորատիպ գրքերով գրադարանի հավաքածուն հարստացնելու՝ այդպիսով նաև ընթերցանության խթանմանը նպաստելու համար:

Նշենք, որ ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը Սպիտակի քաղաքային գրադարանին նվիրաբերել է շուրջ 200 անուն նորատիպ գիրք, որոնք տեղադրվել են գրադարանի նորաբաց ընթերցասրահում: «Եվրոպական ժառանգության օրերի ճամբարի» մեկնարկի միջոցառման ընթացքում Սպիտակի քաղաքային գրադարանի փոքրիկ ընթերցողներին ներկայացվել են հեքիաթապատումներ:

Երկամսյա ճամբարի ընթացքում կիրականացվի նաև «Հեքիաթի դեսպաններ» ծրագիրը, կկազմակերպվեն տարբեր երկրների մշակութային ժառանգության և դրանց պահպանության կարևորության վերաբերյալ վարպետության դասեր, եվրոպական մանկապատանեկան գրքերի ընթերցումներ և քննարկումներ:

Միջոցառման ընթացքում երաժշտական ու պարային կատարումներով հանդես են Սպիտակի մշակույթի տան պարային համույթը, Սպիտակի երաժշտական դպրոցի սաները, Վանաձորի արվեստի քոլեջի ուսանողները:

Նշենք, որ ծրագրի հաջորդ կանգառը ՀՀ Տավուշի մարզում է. ընթերցանության անկյան պաշտոնական բացման արարողությունy տեղի կունենա մարտի 29-ին՝ Աչաջուրի մշակույթի տանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր