211652_close_icon
views-count32163 դիտում article-date 14:30 04-03-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ անչափահաս տղան «Toyota»-ով կոտրել է ծառերը, երկաթե ճաղավանդակներն ու գլխիվայր շրջվել․ 4 վիրավորներն էլ անչափահասներ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում 17-ամյա Վ․ Մուշեղյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցի 74/11 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանիսը կոտրել, ապա բախվել երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք ու գլխիվայր հայտնվել «Լիկա մետիս» ՍՊԸ-ի բակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ․ Մուշեղյանը և ուղևորներ, 17-ամյա Ա․ Հակոբյանն, 17-ամյա Ռ․ Վահրամյանն ու 17-ամյա Ա․ Բաբայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի  գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն  վաշտի պարեկ Հրանտ Սեդրակյանն ու կրտսեր պարեկ Ռաֆիկ Գյուլնազարյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր