211652_close_icon
views-count1129 դիտում article-date 22:43 26-01-2024

Ալեն Սիմոնյանը մասնակցել է Հայաստանում Հնդկաստանի ազգային տոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 26-ին մասնակցել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելությանը: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ 

Ողջունելով ներկաներին` Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին իրենց հատուկ օրը մեծարելու եւ որպես գլխավոր հյուր ներկա գտնվելու համար:

Բացման խոսքում ԱԺ նախագահը ջերմորեն շնորհավորել է տիկին դեսպանին, դեսպանության անձնակազմին, Հայաստանում հնդիկ համայնքին եւ բարեկամ հնդիկ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ եւ նշել, որ ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը դրված են երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում:
 
Ալեն Սիմոնյանը նշել է, որ հայ-հնդկական բարեկամությունն ունի դարերի պատմություն եւ այդ ավանդույթների վրա էլ կառուցվել են մեր երկրների միջեւ հարաբերությունները:

«Այսօր ականատես ենք բարեկամ Հնդկաստանի հետ մեծ համագործակցությանը: Մենք սեր եւ հարգանք ենք տածում մեր հնդիկ քույրերի ու եղբայրների հանդեպ, որոնք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»,- ընդգծել է ԱԺ նախագահը:

Խորհրդարանի ղեկավարը հավելել է, որ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ քաղաքական երկխոսությունը վերջին տարիներին ամրապնդվել է եւ ունի կարեւորագույն նշանակություն: Նոր թափ է հաղորդվել առեւտրին, նոր ծավալներ ու հաջողություններ են գրանցվել կրթության, գիտության, մշակույթի ու այլ ոլորտներում:

«Էապես կարեւորում ենք նաեւ շփումները խորհրդարանական դիվանագիտության բնագավառում: Մենք պատրաստ ենք ակտիվացնել երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունները»,- ասել է ԱԺ նախագահը:

Ավարտելով խոսքը՝ Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ արագընթաց փոփոխվող աշխարհում համատեղ ջանքերով մենք կկարողանանք ամրապնդել Հայաստանի ու Հնդկաստանի միջեւ սերտ բարեկամությունը, ընդլայնել տարբեր ձեւաչափերում մեր համագործակցությունն ու էապես բարելավել երկու երկրների միջեւ հարաբերությունները:

Պատմական հոբելյանի առթիվ ԱԺ նախագահը եւս մեկ անգամ շնորհավորել է բարեկամ հնդիկ ժողովրդին՝ մաղթելով բարգավաճում եւ առաջընթաց բոլոր բնագավառներում:

Նմանատիպ նյութեր